ՃՇՀԱՀ-ի և ԱՄՆ Քորնելի համալսարանի ուսանողները կիրականացնեն համատեղ ծրագիր

Armenpress 17:07, 18 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային բարձր դասակարգում ունեցող ԱՄՆ Քորնելի համալսարանի նախաձեռնությամբ առաջին անգամ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) 2019-ի փետրվարի 18-ին մեկնարկել է ուսանողական համատեղ նախագծային աշխատանքային շաբաթ «Հետխորհրդային տարածքներում  արդյունաբերական լքված գոտիների  քաղաքաշինական վերակառուցման   խնդիրները» խորագրով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմին Վիլյանը: 

«Ծրագրի նպատակն է Քորնելի համալսարանի ճարտարապետական դեպարտամենտի և ՃՇՀԱՀ-ի ուսանողներին  տալ համատեղ աշխատելու հնարավորություն  Հայաստանում դեռևս խորհրդային ժամանակաշրջանից մնացած, լքված ու ավերված արդյունաբերական շենքերի և գոտիների վերականգման և  վերագործարկման շուրջ։ Սա ունի նաև մեծ մշակույթային և  ճանաչողական նշանակություն»,- շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ասել է Քորնելի համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մելդորֆը։

«Հետխորհրդային երկրներում  արդյունաբերական լքված տարածքների քաղաքաշինական վերակառուցման խնդիրները» խորհագրով միջազգային  նախագծային աշխատանքային շաբաթին  նկատմամբ հետաքրքրությունը մեծ է և, դեռ այն չմեկնարկած,  ընդլայնվել է մասնակիցների աշխարհագրությունը։ Ծրագրին մասնակցության առաջարկ է  արել ՌԴ-ի Տյումենի ինդուստրիալ համալսարանի ճարտարապետական ֆակուլտետը։

«Նախագծային աշխատանքները կարծում եմ շատ հետաքրքիր կլինեն և այս ծրագիրը կնպաստի ուսանողների երևակայության զարգացմանը: Մեր հերթին մենք բոլոր պայմանները կստեղծենք աշխատելու և ջերմ մթնոլորտ ձևավորելու համար»,- ողջունելով ներկաներին՝ ասել է ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Գագիկ Գալստյանը: 

Միջազգային  նախագծային աշխատանքային շաբաթին  Քորնելի համալսարանից կմասնակցի 12, ՃՇՀԱՀ-ից 13, իսկ Տյումենի ինդուստրիալ համալսարանի ճարտարապետական ֆակուլտետից՝ 3 ուսանող։ Ուսանողների նախագծային աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու նպատակով նշված ժամանակահատվածի և տարածքի պատմական և մշակույթային արժեքները ուսանողներին կբացահայտի ԵՊՀ-ի պատմության և մշակույթաբանության ֆակուլտետի ուսանողների խումբը՝ դոցենտ Յուլիա Անտոնյանի ղեկավարությամբ։ Կկազմակերպվեն նաև այցելություններ նշանավոր շինություններ Երևանում և Երևանից դուրս։

Ծրագրի ավարտին մասնակիցները կներկայացնեն  նախագծերը և նրանց կտրվեն մասնակցության հավաստագրեր։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am