Ջամուի եւ Քաշմիրի նահանգում հնդիկ չորս զինծառայող Է զոհվել

Armenpress 10:59, 18 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդիկ չորս զինծառայող, այդ թվում՝ մեկ մայոր Է զոհվել Ջամուի եւ Քաշմիրի նահանգում փետրվարի 18-ին զինյալների հետ բախումների ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Hindustan Times թերթը՝ հղում անելով ոստիկանությանը: Ինչպես նշվում Է, Փուլվամա շրջանի գյուղերից մեկում տեղի ունեցած կարճ փոխհրաձգությունից հետո ոստիկանությունն ու զինված ուժերը շրջապատել են տարածքը եւ խուզարկություններ սկսել: Լսվել Է հրաձգություն, տեղի բնակիչներին խնդրել Էին մնալ իրենց տներում:

Փետրվարի 14-ին Ջամուի եւ Քաշմիրի նահանգում մահապարտ ահաբեկիչը պայթանյութով լի ավտոմոբիլ Է պայթեցրել զինվորական շարասյան մոտ, ինչի հետեւանքով, ըստ վերջին տվյալների՝ զոհվել Է 45 մարդ՝ Կենտրոնական ռեզերվի ոստիկանության ուժերի (ռազմականացված ոստիկանական կառույց) զինծառայողներ: Հարձակման համար պատասխանատվությունն ստանձնել Է «Ջաիշ ե Մուհամադ»-ը («Մուհամեդի բանակ»)՝ նահանգում գործող արմատական անջատողական խմբավորումներից մեկը:

Ավելի վաղ Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ Ջամուի եւ Քաշմիրի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունից հետո Պակիստանին կզրկեն առեւտրական բոլոր այն արտոնություններից, որոնք երկրին տրամադրվել են Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին համապատասխան: «Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հնարավոր բոլոր դիվանագիտական միջոցները կձեռնարկի Պակիստանի լիակատար մեկուսացումն ապահովելու համար»,- հայտարարել Է Հնդկաստանի ֆինանսների նախարար Արուն Ջեյթլին:

Նա նաեւ հավելել Է, որ Պակիստանի մասնակցությունն ահաբեկչական գործողությանն անվիճելի Է, եւ Հնդկաստանն ունի համապատասխան ապացույցներ: Մինչդեռ Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 15-ին մերժել Է ահաբեկչական գործողությանը երկրի կառավարության մասնակցությանը վերաբերող պնդումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am