Խանութի վաճառողը հարձակման մասին կեղծ ահազանգով փորձել է կոծկել իր կատարած գողությունը. ոստիկանություն

Armenpress 14:24, 17 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Լենինգրադյան փողոցի խանութներից մեկի վաճառող ոստիկանություն իր վրա ավազակային հարձակման կեղծ ահազանգ է արել, որ կոծկի իր գողմից 740 հազար դրամի գողությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Փետրվարի 16-ին, ժամը 12-ն անց 45-ի սահմաններում ոստիկանություն զանգահարած խանութներից մեկի վաճառողը հայտնեց, որ Լենինգրադյան փողոցում գործող խանութից գողություն են արել։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին խանութի վաճառողը պատմեց, որ նուն օրը ժամը 12-ն անց 20-ի սահմաններում երկու հոգի որպես հաճախորդ մտել են խանութ, պարանը փաթաթել են իր պարանոցին ու սպառնալիքով հափշտակել շուրջ 740․000 դրամ ու հեռացել։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Մալաթիայի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ իրականում ավազակային հարձակում տեղի չի ունեցել, այլ վաճառողը՝ 1995 թվականին ծնված Սպարտակ Մաթևոսյանը բեմականացրել է հանցագործությունը և ինքն իր պարանոցին USB լարով հետքեր թողել։ Նշված գումարով էլ, ըստ նախնական տվյալների, Մաթևոսյանը խաղադրույքներ է կատարել ու պարտվել։

Սպարտակ Մաթևոսյանը տվել է ինքնախոստովանական ցուցմունք։

Կատարվում է քննություն»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am