Աշոցքում  համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում է 7, Հառիճում՝ 2 թեկնածու 

Armenpress 12:15, 17 Փետրվար, 2019

ԳՅՈՒՄՐԻ, 17   ՓԵՏՐՎԱՐԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում   փետրվարի  17-ին արտահերթ ընտրություններ են: Համայնքի ղեկավարի պաշտոնի համար 7  թեկնածու է պայքարում: Նախկին Աշոցք, Բավրա, Զույգաղբյուր, Թավշուտ, Կարմրավան, Կրասար, Ղազանչի, Մեծ Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ, Փոքր Սեպասար՝ 11 գյուղական բնակավայր մեկ ղեկավար են ընտրելու: Աշոցքի համայնքապետ Արթուր Ալոյանը հրաժարական էր տվել 2018-թվականի նոյեմբերի 1-ին: Հրաժարական տված համայնքապետը ևս թեկնածու է:

Ինչպես  «Արմենպրես»-ին  տեղեկացրին Շիրակի մարզպետարանից, համայնքում գործում է  12 ընտրատեղամաս` ընդհանուր մոտ 5  հազար ընտրողով:

Ինչպես տեղեկացրեց Շիրակի  մարզպետարանի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ  Ռուբեն Հարությունյանը, տեղամասերը բացվել են ժամանակին,  հանձնաժողովներից  բողոքներ չեն ստացվել:

Բացի  Աշոցք համայնքից, ընտրություններ են նաև  Հառիճ  համայնքում, սակայն, ի տարբերություն Աշոցքի, Հառիճում թեկնածուները  երկուսն են՝  Բակուր Հովհաննիսյանը և համայնքի նախկին ղեկավար Ռոլանդ Նազարեթյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am