Հայաստանում շրջանառվում են գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները, սակայն իրավիճակի կայունանում է  

Armenpress 17:01, 16 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին օրերին դիտվում էր սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացում: Փետրվարի 16-ի դրությամբ իրավիճակի կայունացման միտումը դեռևս շարունակվում է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այսօրվա դրությամբ նվազել են հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված դեպքերը, ներկայումս սուր շնչառական վարակներով 702 հիվանդ, որոնց գերակշիռ մասը դեռևս շարունակում է բաժին ընկնել 0-5 տարեկան երեխաներին: Հոսպիտալներից առողջացումով դուրս է 147 պացիենտ, որից միայն 114-ը՝ Երևանի թիրախային մանկական հիվանդանոցներից: 

Կայունացում է դիտվում նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերում՝ 88 կանչ: Ինչ վերաբերում է պոլիկլինիկական դիմելիությանը, ապա սուր շնչառական վարակներին բնորոշ գանգատներով դիմել է 162 անձ:

Ներկայացված տվյալների հավաստիության պարզաբանման նպատակով՝ առողջապահության նախարարության կողմից շրջայցեր են կատարվել Երևանի մանկական հիվանդանոցներ, ինչը ևս մեկ անգամ փաստում է առկա իրավիճակի և զարգացման միտումներին հետամուտ լինելու և արդեն իսկ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների շարունակական իրականացման մասին:

Մանկական հիվանդանոցների ծանրաբեռնված աշխատանքներին նպաստում են նաև ստացիոնար կազմակերպությունների անձնակազմի կողմից ամբուլատոր սպասարկումները:    

Ինչ վերաբերում է ներկայումս հանրապետությունում շրջանառող հարուցիչներին, ապա համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների՝ հանրապետությունում շրջանառվում են գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am