Հայկական ընկերությունը ավանդական զարդանախշերով զգեստների հավաքածուով մասնակցել է միջազգային նորաձևության ցուցահանդեսի

Armenpress 13:30, 16 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ընկերությունն Իրանի 8-րդ «Ֆաջր» միջազգային նորաձևության և հագուստի փառատոնին ներկայացել է ավանդական զարդանախշերով զգեստների հավաքածուով: Փառատոնի բացման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 14-ին՝ Չաբահար քաղաքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնից, Հայաստանը ներկայացնող «Taraz.am» նորաձևության կենտրոնի ներկայացուցիչները շատ գոհ են ջերմ ընդունելությունից և միջազգային ստանդարտներին համապատասխան բարձր մակարդակով կազմակերպումից: Հայաստանի ներկայացուցիչները, հանդես գալով առանձին տաղավարով, ցուցադրել են հայկական նախշեր պարունակող զգեստներ, պայուսակներ և կոշիկներ:

«Ֆաջր» միջազգային 8-րդ փառատոնի թեմատիկան բավականին ընդգրկուն է՝ նորաձևության վարպետաց դասերի կազմակերպում, այդ թվում՝ Սիստանև Բելուչիստան նահանգի կանանց ասեղնագործ աշխատանքների հատուկ վարպետաց դասի անցկացում բոլոր մասնակիցների համար, տարբեր ազգային զգեստների և տիկնիկների ցուցադրում, գրքին, խաղաղությանը և Պարսից ծոցին առնչվող թեմաների ներկայացում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am