Ֆրանսիական ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ զգալիորեն աճել է

Armenpress 10:30, 15 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 14-ին ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գայել Ասայագին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը ներկա էր նաև Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնատան Լաքոթը: Տիգրան Ավինյանի խոսքով՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը շարունակում է խորանալ և ընդլայնվել, իսկ ԶՖԳ աշխատանքը Հայաստանում լրացուցիչ խթան է փոխշահավետ գործընկերության կառուցման համար:

Գայել Ասայագը շնորհակալություն է հայտնել ընդունելություն համար և ասել, որ գործակալությունը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարության զարգացման նպատակների կյանքի կոչմանը։ Փոխվարչապետը նշել է, որ կառավարության ծրագրի հիմքում դրված է ներառական աճի մոդելը, որն իրենից ենթադրում է նաև հավելյալ միջոցների բաշխում ենթակառուցվածքների, կրթության և առողջապահության զարգացման համար, ինչը երկարաժամկետ կտրվածքով թույլ կտա երկրին մեծ առաջընթաց արձանագրել:

Զրուցակիցները որպես երկկողմ համագործակցության համար կարևոր ոլորտներ են առանձնացրել կառավարման համակարգի կարողությունների զարգացումը, ենթակառուցվածքները, գյուղատնտեսությունը, էներգաարդյունավետությունը, զբոսաշրջությունը, քաղաքաշինությունը: Քննարկվել է Վեդիի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը, որն իրականացվում է ԶՖԳ կողմից տրամադրած 75 մլն եվրո վարկով և կառավարության համաֆինանսավորմամբ, ինչպես նաև Արարատի և Արմավիրի մարզերում 10 մլն եվրո արժողությամբ ոռոգելի գյուղատնտեսության զարգացման դրամաշնորհային ծրագիրը, որի նախագիծն այժմ քննարկվում է կառավարության և ԶՖԳ միջև։

Դեսպան Ժոնաթան Լաքոթն ասել է, որ վերջին շրջանում ֆրանսիական ընկերությունների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ զգալիորեն աճել է, մասնավորապես սպասվում է հանրահայտ «Դասո սիսթեմս» ու «Թալես» ընկերությունների ներկայացուցիչների այցը Հայաստան:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հայ-ֆրանսիական գիտատեխնոլոգիական և կրթական համագործակցության սերտացմանը, մասնավորապես Հայաստանում Ֆրանսիական համալսարանի նոր մասնաշենքի կառուցման, ֆրանսիական դպրոցի հետագա զարգացման, ֆրանսիական Թուլուզ քաղաքի մի շարք բուհերի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համագործակցությամբ գերհամակարգչային կենտրոնի ստեղծման հարցերին։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am