«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը գործադիրի ծրագիրն առաջարկում է լրացնել 9-րդ գլխով

Armenpress 11:20, 14 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Կառավարության ներկայացրած ծրագիրը լրացնել նոր՝ 9-րդ գլխով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 14-ին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:

«Առաջարկում ենք ծրագիրը լրացնել նոր՝ 9-րդ գլխով, որտեղ կամրագրվի ծրագրի կատարման երաշխիքները, սպասվող ռիսկերը, ծրագրի իրականացման կոնկրետ գործիքակազմը, մեխանիզմները, և ըստ տարիների պարտականությունները մինչև 2023թ.»,- ասաց Էնֆիաջյանը:

Փետրվարի 8-ին տեղի ունեցած Կառավարության նիստում գործադիրը հաստատեց իր ծրագիրը:

Կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության փետրվարի 6-ի նիստում, սակայն այն չէր հաստատվել, քանի որ ստացվել էին նոր առաջարկություններ:

Փետրվարի 12-ին 7-րդ գումարման Ազգայի ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց կառավարության հաստատված ծրագիրը: Գործադիրի ղեկավարին հարց տալու համար հերթագրվել էր 53 պատգամավոր:

Փետրվարի 13-ին տեղի ունեցած նիստում ավարտվեցին վարչապետին ուղղված պատգամավորների հարցերը, և մեկնարկեց ելույթների շրջանը: Ելույթ ունենալու համար հերթագրվել է 43 պատգամավոր:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովը Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am