Հայաստանում առաջին անգամ ներդրվում է գյուղատնտեսական ապահովագրական համակարգ

Armenpress 11:04, 14 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտարարում է Հայաստանում առաջին անգամ գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գյուղատնտեսության նախարարությունը երկրում գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման մասին հայտարարություն է տարածել՝ մասնագետներին հրավիրելով մասնակցել ծրագրին: 

«Դուք կարող եք դառնալ գյուղատնտեսական այս հեղափոխական ծրագրի մասնակիցը: Այս ծրագիրը Ձեզ համար է, եթե Դուք հանդիսանում եք` - ապահովագրական շուկայի մասնագետ, - գյուղատնտեսական արտադրության մասնագետ, - վնաս գնահատող, - գյուղատնտես, - այգեգործ, - ագրարային կրթական կենտրոնների/հաստատությունների շրջանավարտ, - գյուղատնտեսական խորհրդատվական մասնագետ, - ֆինանսական հաստատությունների մասնագետ և այլն։

Ծրագրի մասնակիցը դառնալու համար անհրաժեշտ է մասնակցել գյուղատնտեսական ապահովագրության վնասի գնահատման մասնագետների ուսուցման և սերտիֆիկացման դասընթացներին, որը կանցկացվի 2019 թ. փետրվարի 25-ից 27-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի շենքում (հասցե` Տերյան, 74)։ Մասնակցությունը և սերտիֆիկացումն ԱՆՎՃԱՐ են: Դասընթացի ավարտից հետո կանցկացվի քննություն, որը հաջողությամբ անցած մասնակիցները կստանան Վնասի գնահատման հավաստագիր և հնարավորություն կունենան համագործակցել Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ: Դիմումներն ընդունվում են մինչև 2019 թվականի փետրվարի 20-ը»,-ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ:

Դիմումի ձևանմուշին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://bit.ly/2BJsM1N



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am