Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը

Armenpress 10:37, 14 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանն ասել է, որ ԵՆԲ-ի հետ հաստատվել է արդյունավետ ու հաջողված գործընկերություն և բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը նպաստում են Հայաստանի կայուն զարգացմանը:

Փոխվարչապետը նշել է, որ ընթանում է Հայաստանին տրամադրվող բոլոր վարկային ծրագրերի վերլուծություն և գույքագրում: Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև այժմ ԱԺ-ում քննարկվող կառավարության ծրագրի գերակայություններին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մաչեյ Չուրան ասել է, որ այս տարի լրանում է Հայաստանի հետ ԵՆԲ գործընկերության 10 տարին, որի ընթացքում իրականացված և շարունակվող ծրագրերի ծավալը շուրջ 380 մլն եվրո  է կազմել: Նա նաև նշել է, որ Հայաստանում ԵՆԲ-ի գործունեության  առաջնահերթություններն են սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը, մասնավոր հատվածին աջակցությունը և կլիմայականփոփոխությունների ազդեցության մեղմումը: 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տրանսպորտի, ջրային ռեսուրսների կառավարման համակարգի, էներգետիկայի և էներգաարդյունվետության ոլորտներին վերաբերող ծրագրերին ու դրանց կատարման գործընթացին։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am