Տավուշի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է. նախարար Պապիկյանը ներկայացրել է մարզպետ Հայկ Չոբանյանին

Armenpress 19:14, 13 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 13-ին Տավուշի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Հայկ Չոբանյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով մարզային և համայնքային պատասխանատուներին՝ նախարար Պապիկյանը շնորհավորել է նրանց կառավարության բարձր վստահությունը վայելող մարզպետ ունենալու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ կառավարություն-տարածքային կառավարում-համայնք եռակողմ սերտ համագործակցության ապահովման ու արդյունավետ աշխատանքի միջոցով հնարավոր կլինի օրեցօր ավելի լավը դարձնել Հայաստան աշխարհի այս կարևոր անկյունը։ «Տավուշի զարգացումը մեր կառավարության առաջնահերթություններից է, և այժմ եկել է ժամանակը, որպեսզի մենք միասին գործնականում կյանքի կոչենք այն բոլոր իղձերն ու ցանկությունները, որոնք մշտապես  հնչեցվել են տարբեր ամբիոններից»,-ասել է Սուրեն Պապիկյանը և հավելել, որ կառավարությունն ունի այդ ամենն իրագործելու համար բավարար քաղաքական կամք։ Մարզի զարգացման գործում նախարարն  առանցքային է համարել համայնքապետերի համակարգված, պատասխանատու և հետևողական աշխատանքը ու միաժամանակ ընդգծել, որ համայնքներում ներդրումային գրավչության բարձրացումը մեծամասամբ պայմանավորված է ընթացակարգերի պարզեցմամբ և հողային ռեսուրսների նպատակային կառավարմամբ։ 

Սուրեն Պապիկյանն  անդրադարձ է կատարել նաև համայնքների խոշորացման գործընթացին և նկատել, որ բարեփոխման բուն նպատակը ստվերի կրճատումն ու համայնքային ռեսուրսների կենտրոնացված և ճիշտ օգտագործումն է։ Իսկ այդ ճանապարհին, ըստ նախարարի, չափազանց կարևոր է համայնքների ողջ ներուժը ընդգրկող զարգացման պրոֆեսիոնալ ծրագրերի կազմումը։    

Ավարտելով իր խոսքը՝ նախարարը ևս մեկ անգամ շնորհավորել է Հայկ Չոբանյանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով  արգասաբեր աշխատանք։ Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նաև նախկին մարզպետ Վահե Ղալումյանին՝ կատարած աշխատանքի համար, և հաջողություններ մաղթել նրան օրենսդիրում։

Մարզպետ Հայկ Չոբանյանն իր հերթին  շնորհակալություն է հայտնել գործադիրին պարտավորեցնող վստահության համար և նշել,  որ մարզի զարգացման գործում գերազանցություն հնարավոր կլինի ապահովել միայն համատեղ ու միասնական աշխատանքի միջոցով։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am