Վարչապետը չի պատրաստվում փոխզիջումների գնալ հարկերից խուսափել ցանկացող ապրանք ներկրողների հետ

Armenpress 10:35, 13 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում փոխզիջումների գնալ առևտրային նպատակով ապրանք ներկրողների հետ, ովքեր հարկերից խուսափելու փորձ կիրականացնեն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 13-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում ասաց Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի այն դիտարկմանը, թե ապրանք ներկրողները բողոքում են ներկրման ու մաքսազերծման նոր կարգից:

«Բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք, չի լինելու ոչ մի փոխզիջում որևէ մեկի նկատմամբ: Չեմ թողնելու ոչ մեկն ինձ հետ ստի լեզվով խոսի»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով ոչ առևտրային նպատակով ապրանք ներկրողներին՝ Նիկոլ Փաշինյանը նրանց հորդորեց ազնիվ լինել բիզնես անելու պարագայում և իրենց հետ քննարկել հարկային խնդիրները:

«Մեր կառավարությունն իր կամքը ցույց էր տվել այս հարցում, և այն չարաշահվել է: Եթե մարդիկ բիզնես են անում, թող գան, նստենք զրուցենք: Մենք հարկային օրենսգրքի փոփոխման փուլում ենք, և ասում ենք՝ եկեք քննարկենք, բայց մի խաբեք մեզ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ սահմանային անցակետերում ֆիզիկական անձանց իրազեկող գրություն է հայտնվել առ այն, որ 2019-ի հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են իրենց հետ ունենալ մինչև 25 կգ քաշով անձնական օգտագործման ուղեբեռ, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոն։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am