Քրիստոնեությունն առաջինն ընդունած լինելն ու իրականացված թավշյա հեղափոխությունը պետք է զբոսաշրջային նոր բրենդ ձևավորեն. ՀՀ վարչապետ

Armenpress 18:33, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած ու աննախադեպ թավշյա հեղափոխություն իրականացրած երկրի իմիջների համաձուլման արդյունքում նոր բրենդինգի ձևավորումը էական նշանակություն կունենա ՀՀ զբոսաշրջության զարգացման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018թ. 10.5% զբոսաշրջիկների թիվը ՀՀ-ում աճել է: Վերջին եռամսյակում աճի տեմպը նաև ավելացել է: Հայաստանի՝ քրիստոնեությունն առաջինն ընդունած երկրի  ու աննախադեպ թավշյա հեղափոխություն իրականացրած երկրի իմիջների համաձուլման արդյունքում նոր բրենդինգի ձևավորումը նույնպես էական նշանակություն կունենա Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ զբոսաշրջության ոլորտը մեծ նշանակություն ունի աղքատության հաղթահարման, փոքր ու միջին բիզնեսի խթանման ու բնապահպանության համար:

«Մենք արդեն սկսել ենք ծրագրերի իրականացումը, երբ անտառամերձ բնակավայրերի բնակիչներին դրամաշնորհներ ենք տալիս, որպեսզի իրենք զբոսաշրջային ծառայություններ մատուցելու որոշակի բիզնեսներ ներդնեն»,- նշեց վարչապետը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am