ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՀՀ Ազգային ժողովում. ՄԱՍ 2


ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ՀՀ Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տրամադրված ելույթը:

ՄԱՍ 1

«Ընդհանրապես, աղքատություն հասկացության մեկնաբանությունը չափազանց կարևոր է: Տեղյակ եք անշուշտ, որ այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է, և ես այսօր առավոտյան օրը սկսեցի  Հրանտ Մաթևոսյանից մի փոքր հատված մեջբերելով նրա հայտնի «Ծառերը» ստեղծագործությունից և ես այդ կտորը հատուկ էի ընտրել այսօրվա քննարկման առիթով, որովհետև, ես կարծում եմ, որ աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական երևույթ է: Աղքատությունը նաև հոգեբանական երևույթ է, աղքատությունը նաև մտածողության որոշակի տեսակի հետ կապ ունի, և ես կարծում եմ, որ մտածողության այս որոշակի տեսակի մասին է ահազանգել Հրանտ Մաթևոսյանը իր «Ծառերը» ստեղծագործության մեջ: Ես առավոտյան այդ մի կտորը կարդացի Հրանտ Մաթևոսյանի հոբելյանի առիթով, և հիմա այստեղ, անկեղծ ասած, պատեհ եմ համարում ևս մեկ անգամ կրկնել՝ հույս ունենալով, որ Ազգային ժողովից հնչածն առավել հասանելի և լսելի կլինի մեր քաղաքացիներին:

Ես սա ասում եմ աղքատության առիթով՝ ցույց տալու համար և հիմնավորելու համար իմ այն պնդումը, որ աղքատությունը միայն զուտ տնտեսական հարաբերությունների հետ կապված բան չէ: Մարդու աղքատությունն առաջին հերթին գլխում է: Որևէ մարդ, որն իր մտքում աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա, չի հաղթահարի. տար ամեն օր 1000, 100000 դոլար տուր, եթե ինքն իր գլխում աղքատությունը չի հաղթահարել, չի հաղթահարի:

Եվ ուրեմն, ի՞նչ է ասում Հրանտ Մաթևոսյանը՝ իմ կարծիքով նկարագրելով աղքատությունը որպես մտածողություն. «Լա՛վը չես, խեղճ ես, լավը չես, զավա՛կս, որդիս, առաջնեկս, իմ հույսս, իմ թանկս, լա՛վը չես, մեջդ վրեժ չկա: Քո պապ ու իմ հեր Իշխանը արնագույն պուճուր մի ձի ուներ, էնքան պուճուր, որ բանակ չէին տարել ասում է, չարությունից պայթում էր՝ որ մի ձի իրենից առաջ էր ընկնում: Հևում էր, թոքերը շխկշխկում էին, քթերից կրակ էր թռչում - իր պուճուր տեղով տրաքում էր չարությունից: Քո պապի պահած շունն էլ պիտի էդպես լիներ, նրա զավակն էլ ու չափարի բանջարն էլ ու պատի օձն էլ պիտի էդպես լինեին: Դու լավը չես: Ինչ իմացողի հարցնում եմ՝ գովում ու ծիծաղում է - իբր թե լավն ես, խղճով ես, և էդ ծիծաղն իմ սրտին դանակ է դառնում, զավակս, զավակս:

Իմ հեր ու քո պապ Իշխանը խելոք բաներ ոչ ասում էր, ոչ էլ մտածելու ժամանակ ուներ, նա գործի մարդ էր, գետինը նրա ոտի տակ վառվում էր- բայց մի անգամ կիսաբերան ասել է ուսի վրայով իմ մերացվին հացի փող շպրտելու պես, ու ես ասում եմ. մարդ չպիտի էնքան քաղցր լինի՝ որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի՝ որ թքեն: Քեզ կուլ են տվել ու գովում են, զավակս, քեզ կուլ են տալիս: Ասում ես խիղճ, բայց խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ - երբ գազանի մեջ է: Քոնը խիղճ չի, խեղճություն է»:

Խեղճությունն է աղքատությունն առաջին հերթին: Մեր կառավարության նպատակը, մեր քաղաքական թիմի նպատակը և իմ անձնական նպատակն իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում եղել է հետևյալը, որ Հայաստանի քաղաքացին խեղճությունը հաղթահարի: Հայաստանի քաղաքացին քաղաքական իմաստով հաղթահարել է խեղճությունը, և դա քաղաքական հեղափոխությունն էր: Հայաստանի Հանրապետության քաղաքացին պիտի տնտեսական իմաստով հաղթահարի խեղճությունը, և դա է տնտեսական հեղափոխությունը:

Վերադառնալով միկրոբիզնեսին՝ ուզում եմ ասել, որ ինչպես և խոստացել ենք, այս կատեգորիայի տակ կմտնեն նաև անհատ տաքսու վարորդները, և ես կարծում եմ, որ սա շատ կարևոր նորամուծություն է սոցիալական խնդիր լուծելու համար: Եվ ահա վերադառնալով գաղափարական մասին՝ շատ կարևոր է, թե ինչպես են մարդիկ արձագանքելու այս հնարավորությանը: Մենք ասելու ենք՝ ով տարեկան մինչև 24 միլիոն շրջանառություն ունի, հարկեր չի վճարում: Ի դեպ, ասեմ, որ դրա հետ կապված կա 2 հարց, որ մենք իրար հետ պետք է քննարկենք. եկամտահարկ չի վճարվելու, միանշանակ, բայց հարցը հետևյալն է. արդյոք կենսաթոշակային կամ սոցապ վճար պիտի վճարի՞, թե՞ ոչ, որովհետև դա, ըստ էության, ոչ թե վճարում է պետությանը՝ որպես հարկ, այլ սոցիալական վճար՝ ինքն իր կենսաթոշակային ապագան որոշելու համար: Բայց սա ուրիշ տեխնիկական թեմա է: Հիմա հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս են արձագանքելու մարդիկ, և ինչպե՞ս ենք որոշելու մենք՝ մարդը տարեկան 24 միլիոն շրջանառություն ունի, թե՞, օրինակ, 80 միլիոն: Դա որոշվելու է ՀԴՄ-ների աշխատանքի արդյունքում, այսինքն՝ մարդն աշխատելու է, տարվա արդյունքում իմանալու ենք՝ իր շրջանառությունն ինչքան է: Եվ հետևաբար, այստեղ մենք ունենք մի հարց. այս առաջարկի, այս հնարավորության արդյունքում մեզ մոտ 0-ից ստեղծվելո՞ւ են միկրոբիզնեսներ, թե՞, ասենք, 100 միլիոնանոց բիզնեսները դառնալու են 5 կամ 6 հատ միկրոբիզնեսներ: Այս պրոբլեմը մենք այսօր արդեն ունենք Հայաստանի Հանրապետությունում: Երբ Հայաստանում շրջանառության հարկը ներդրվեց, բոլորիս թվում էր, թե մենք տնտեսության համար մի բալասան ենք գտել: Ասում էինք՝ փոքր բիզնեսին աջակցելու ենք, բայց միլիարդանոց ընկերությունները դառան շրջանառության հարկ վճարող, և այդ դեպքերը բոլորս գիտենք. բերեցին, խանութներում ամեն մեկը 65 հատ հաշվիչ դրամարկղային մեքենա շարեցին 65 տարբեր անհատ ձեռներեցների անունով և հարկերից սկսեցին խուսափել:

Սա է պարտնյորությունը, սա է մեր պատկերացումը, և շատ կարևոր է, թե ամեն հնարավորությանը ինչպես են արձագանքում՝ հիմա էլի սկսելո՞ւ ենք այդ ՀԴՄ մեքենայությունները, թե՞ չենք անելու:  Ե՛վ գործարարի, և՛ քաղաքացու, և՛ պաշտոնյայի համար ՀԴՄ տալը դառնալո՞ւ է մշակույթ, թե՞ չի դառնալու: Ուզո՞ւմ եք կանխատեսենք՝ ինչ է լինելու հռչակված տնտեսական հեղափոխության արդյունքում: Թող ամեն քաղաքացի ասի՝ ՀԴՄ կտրոն խփել-չխփելու հետ կապված իր դիրքորոշումն ինչպիսին է լինելու, և ես կասեմ՝ ինչ է լինելու տնտեսական հեղափոխության արդյունքում: Եթե քաղաքացին էլի ասելու է՝ ՀԴՄ կտրոն մի տուր կամ մի խփի, ինձ պետք չի, կամ նույնիսկ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները խանութներում շարունակելու են այդ գործելակերպը, ոչ մի բան էլ չի ստացվելու: Մենք էլի մեր խեղճության մեջ տապակվելու ենք, ասելու ենք՝ դե կառավարություն, բա ինչի՞ այս հարցն այսպես չլուծեցիր:

Կառավարությունն իր բաժինը կանի: Ընդ որում, տառապանքս փորձ ունի. ինչպես հիշում եք, մենք, նաև հանրային դրսևորումներ հաշվի առնելով, սեպտեմբերին որոշում կայացրեցինք անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներ ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարում իրականացնելու պարտավորության վերաբերյալ: Այս խուճուճ վերնագրով որոշումն այն մասին էր, որ քաղաքացիները մինչ այդ կարող էին 25 կգ ապրանք ներկրել առանց հարկային պարտավորությունների, որոնք պետք է լինեին ոչ առևտրային նպատակներով: Այսինքն՝ կառավարության այդ որոշման ընդունման ժամանակ ես նույնիսկ ասացի, որ մեր ժողովուրդը սիրում է, որ գնում է դուրս, տնեցիների, հարևանների, ամեն մեկի համար մի նվեր բերի: Մենք այդ չափաքանակը բարձրացրեցինք, դարձրեցինք 50 կգ: Եվ մեր սիրելի հայրենակիցներն ինչպե՞ս արձագանքեցին դրան՝ բերում էին, ֆուռերը կանգնեցնում էին Բագրատաշենի չեզոք գոտում, և 50, 50 կգ-ով մի ֆուռ ապրանքը ներկրում էին Հայաստանի Հանրապետություն: Հիմա լավ արեցի՞նք, որ այդ հնարավորությունը քաղաքացիների համար ստեղծեցինք, թե՞ վատ արեցինք: Մենք սրա համար ենք ասում. ինչպես քաղաքացիներին ասում էինք, որ այդ հեղափոխությունն առաջնորդ չունի, դուք եք ամեն մեկդ այդ հեղափոխության առաջնորդը, մենք հիմա էլ ենք ասում, մենք մեր մասն ենք անում, մեր ներդրումն ենք անում: Ամեն մարդ իր ներդրումը բերո՞ւմ է, թե՞ չի բերում՝ սրանից է կախված տնտեսական հեղափոխության ճակատագիրը:

Ընդհանրապես պետք է էական փոփոխություն լինի հարկեր վճարելու գործընթացի վերաբերյալ վերաբերմունքում: Եկեք հետևենք մեր երկրում տեղի ունեցող դիսկուրսին. ում ուզում ես մոտենաս, ասես, դու պետք է հարկ վճարես, մեկը հայտնի երգիչ է, մյուսը հայտնի փաստաբան է, մյուսը՝ հայտնի մտավորական, մյուսն ընդհանրապես հայտնի երիտասարդ է, ու ում մոտենում, ասում ես՝ դու պիտի հարկ վճարես, ասում է՝ ո՞նց, ես պիտի հարկ վճարեմ: Ես ինչի՞ հարկ վճարեմ: Բայց չէ՞ որ ես հայտնի եմ, ո՞նց, երգիչներից կարելի՞ է հարկ վերցնել, փաստաբաններից հա՞րկ եք ուզում վերցնել, այս ի՞նչ խայտառակություն է: Ոչ ոք չի ուզում հարկ վճարել, բայց բոլորն ուզում են թոշակները բարձրանան, աշխատավարձերը բարձրանան, պաշտպանության մակարդակը բարձրանա, ճանապարհները լավ լինեն, բայց ոչ մեկը հարկ չվճարի: Սա Հայաստանի Հանրապետության ամենամեծ դիլեման է:

Հիմա մենք ասում ենք՝ կոռուպցիայի դեմ պայքարում ենք, մենաշնորհների դեմ պայքարում ենք և պայքարել ենք և դաշտ ենք ստեղծել: Մենք հրավիրում ենք տնտեսական հեղափոխությունն անելու: Այո՛, բոլորը պատրաստ են դա անել, միայն թե իրենք կողքից հետևեն, հանկարծ իրենց չվերաբերվի, իրենց վրա ոչ մի պարտավորություն չլինի: Պարտավորություն լինի միայն կառավարության վրա՝ սա կանեք, նա կանեք և լավ կլինի վերջում աշխատավարձ չստանաք:

Բայց ես ուզում եմ նշել, որ աղքատության հաղթահարման գործում մենք ամեն դեպքում, քավ լիցի, չենք բացառում սոցիալական աջակցության էֆեկտը: Դա նույնպես կարևոր է, բայց մենք բոլորս գիտենք, որ այս ոլորտում նույնպես մենք ունենք լրջագույն պրոբլեմներ, որոնցից մեկը աղքատության նպաստների և ընտանեկան նպաստների հասցեականության պրոբլեմն է: Ընդհանրապես մենք ասում ենք, մեր ծրագրում գրել ենք, որ ծայրահեղ աղքատությունը մինչև 2023 թվականը վերացնելու ամբիցիա ունենք: Իրականում դա շատ մեծ ամբիցիա չէ, որովհետև հաշվարկներն ասում են, որ Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելու համար հարկավոր է ամեն տարի եղած գումարից հավելյալ ընդամենը 1.4 մլրդ դրամ ծախսել: Չնայած դա միակ հաշվարկը չէ, այսինքն՝ իրականում ծայրահեղ աղքատությունը վերացնելու համար պետք է մեզ համար հենց այսօր հասանելի գումար ծախսել: Բայց կա մի պայման՝ պետք է այդ գումարը գնա և ճիշտ հասցեատիրոջը հասնի:

Հիմա մեր ամբողջ սոցիալական նպաստի համակարգն ինչպե՞ս է գործում: Օրինակ, մենք ինչպե՞ս ենք վերաբերվում այն պրոբլեմին, որ այսօր ՀՀ-ում կա ընտանեկան նպաստի, այսինքն՝ «Փարոս» համակարգից օգտվող մարդ, ով ամիսը 1 միլիոն դրամ վարկ է փակում: Այսօր մենք Հայաստանի Հանրապետությունում ունենք հազարավոր մարդիկ, որոնք ամեն ամիս 500000 դրամ և ավելի վարկ են փակում՝ հիպոթեկային վարկ, տարբեր վարկեր և այլն: Եվ այդ մարդիկ համարվում են Հայաստանի Հանրապետությունում աղքատ, և ուրիշ մարդիկ, որ աղքատ են: Բայց կարևորը սա չէ: Մենք չենք ուզում ուրիշին վատություն անել, բայց նրանք այս գումարը, ըստ էության, տանում են այն մարդկանցից, ովքեր իրականում աղքատ են: Հիմա այս տվյալը մենք ունենք դեռևս չհասցեավորված, այսինքն՝ որոշակի վարժություններ կատարելու արդյունքում մենք այս տվյալն ստացել ենք, և հիմա առաջիկա մեր խնդիրը լինելու է հասցեական դարձնելը, այսինքն՝ անուն, ազգանուն, հեռախոսի համարներով այդ մարդկանց տեղորոշելը: Եվ ընդհանուր առմամբ մեր խնդիրը լինելու է աղքատության նպաստների համակարգն առավել հասցեական դարձնելը:

Հաջորդ կարևոր խնդիրը հետևյալն է. ցավոք, այսօր ստեղծվել է մի վիճակ, որ «Փարոս» համակարգը մարդկանց հետ է պահում աշխատելուց, այսինքն՝ մարդիկ նախընտրում են չաշխատել, որպեսզի աղքատության այդ «Փարոս» համակարգի մեջ գտնվելով՝ որոշակի արտոնություններից օգտվեն: Մենք այս խնդիրը շատ արագ պետք է լուծենք, և կա շատ արմատական լուծման տարբերակ, որը քննարկում ենք: Մենք վստահ չենք, որ դա ճիշտ լուծում է, որովհետև շատ կարևոր է այստեղ այնպիսի քայլերով գնալ, որ ունքը սարքելու տեղը աչքը չհանենք: Օրինակ, տարբերակներից մեկը՝ մենք կարող ենք ասել, որ այն մարդիկ, ում գնահատականները, ում հավաքած միավորներն օբյեկտիվ են, առաջիկա մի տարվա մեջ աշխատելու պատճառով կամ շնորհիվ եկամուտների ավելացման պարագայում ընդհանրապես նպաստից նրանցից որևէ մեկը չի զրկվելու, այսինքն՝ թող մարդիկ հանգիստ գնան, ընդունվեն աշխատանքի, ձևակերպվեն և այլն: Այս մի տարվա ինֆորմացիան վերլուծենք և խոստանանք նաև հետագայում այդ մի տարվա ինֆորմացիան իրենց դեմ չենք օգտագործելու, եթե խոսքը վերաբերում է ընդամենը աշխատելուն և աշխատանքը ձևակերպելուն և չի վերաբերում ընդհատակյա միլիոնատեր լինելուն: Սա մի գործիք է, որը մենք առաջիկայում պետք է անպայման կիրառենք:

Հաջորդ կարևոր փոփոխությունը Հարկային օրենսգրքում է, որն էլի շատ մեծ քննարկումների տեղիք է տալիս: Դա համահարթ եկամտահարկի հաստատումն է, և մենք մտադիր ենք եռաստիճան եկամտահարկի համակարգը դարձնել միաստիճան, այսինքն՝ բոլոր տիպի աշխատավարձերի համար նախ սահմանել 23 տոկոս եկամտահարկ և պարտավորվել, որ առաջիկա 5 տարվա ընթացքում մենք եկամտահարկը կդարձնենք էլի համահարթ 20 տոկոս: Ինչո՞ւ ենք սա անում՝

 

Մեզ քննադատում են, ասում են, որ մենք փաստորեն բարձր աշխատավարձ ստացողներին ենք սրանով աջակցում: Սրա մեջ կա ճշմարտության որոշակի հատիկ, և ըստ էության՝ դա մեր նպատակադրումների մեջ է, որովհետև մենք ուզում ենք խրախուսել բարձր աշխատավարձի քաղաքականությունը: Մենք ուզում ենք ոչ թե խոչընդոտներ ստեղծել աշխատավարձի բարձրացման համար, որովհետև այսօրվա հարկային համակարգի պայմաններում ամեն գործատու աշխատավարձ բարձրացնելուց առաջ պետք է մտածի, որ իր վրա այսքան հավելյալ հարկային բեռ է գալիս: Մենք ուզում ենք ստեղծել պայմաններ, որ խթանվի բարձր աշխատավարձը, ոչ թե ցածր աշխատավարձը, որովհետև եթե մենք ուզում ենք տեխնոլոգիական երկիր լինել, տեխնոլոգիական երկրում ցածր աշխատավարձերի քաղաքականություն չի վարվում, պետք է վարվի բարձր աշխատավարձերի քաղաքականություն, և սա հաջորդ մեր նպատակն է: Տեխնոլոգիական ոլորտի համար՝ մենք ասում ենք, որ մեր շուկան ուզում ենք տեխնոլոգիական ներդրումների համար դարձնել առավել գրավիչ: Ինչպե՞ս պետք է դարձնենք առավել գրավիչ՝ հենց այսպես. երբ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչը, պոտենցիալ ներդրողը կտեսնի, որ իր պոտենցիալ ներդրման պայմաններում Հայաստանում աշխատավարձերի հարկման առավել նպաստավոր պայմաններ են գործում: Եվ հաջորդ կարևոր նպատակադրումը, որ մենք ասում ենք, ամենամեծ բողոքը, որ մենք լսում ենք ընդհանրապես պոտենցիալ ներդրողներից, ո՞րն է. այն, որ մեր հարկային համակարգն ընդհանրապես չափազանց բարդ է, չափազանց խուճուճ է, և նույնիսկ պրոֆեսիոնալ հաշվապահները երբեմն առանց ՊԵԿ-ի աջակցության չեն կարողանում հասկանալ՝ ինչն ինչպես պետք է անել, որպեսզի օրենքը խախտած չլինեն: Շատ դեպքերում նույնիսկ ՊԵԿ-ի աջակցությամբ հնարավոր չի լինում դա պարզել: Գուցե նաև սա էլ է գիտակցորեն կամ ենթագիտակցորեն ուղիղ արվել՝ այնքան խճճել, որպեսզի հնարավոր չլինի օրինական դաշտում աշխատել, որպեսզի հնարավոր լինի ամբողջ տնտեսական դաշտը վերցնել վերահսկողության տակ: Մենք կարծում ենք, որ մեր հարկային համակարգը պետք է հնարավորինս պարզ լինի: Այո՛, մենք այս հարկային թեթևացումով նաև ակցիզային հարկով հարկվող ապրանքների պարագայում որոշակի հարկային բեռի ավելացում ենք անելու, և դա պայմանավորված է  նաև ԵԱՏՄ շրջանակում արդեն իսկ գոյություն ունեցող օրենսդրությունների հետ: Ի դեպ, ասեմ՝ այն 50 կգ-երը, որ հունվարի 1-ից դարձել են 25 կգ, որի մասին քիչ առաջ ասում էի, դա ոչ թե մեր կառավարության որոշմամբ է տեղի ունեցել, այլ ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում, և մենք այս ամիսներին ուզում էինք մեր քաղաքացիներին հնարավորություն տալ, որպեսզի նրանք առավել նպաստավոր պայմաններով աշխատեն՝ ոչ թե աշխատեն, այլ ճամփորդեն, բայց մենք տեսանք, թե դա ինչի հանգեցրեց: Ես էլի ուզում եմ ասել՝ մեր կարևոր նպատակադրումը ընդհանուր առմամբ հարկային համակարգի պարզեցումն է, և հարկային համակարգի պարզեցման միջոցով մենք որոշակի հարկային դիվերսիֆիկացիա կունենանք: Կարծում ենք, որ սա ճիշտ քաղաքականություն է՝ պետք է ուղղակի հարկերի վրայից բեռը հանել և տեղափոխել անուղղակի հարկերի վրա, որովհետև սա առաջին հերթին խթանում է գործարարությունը և տնտեսական ակտիվությունը: Հաջորդ կարևորագույն գործոնը, որ մենք մտադիր ենք իրականացնել՝ Հայաստանի տնտեսական դաշտն առավել գրավիչ դարձնելու համար, կարգավորումների հնարավորինս նվազեցումը և պարզեցումն է: Մենք ասում ենք, որ այն կարգավորումները, լիցենզավորումները, արտոնագրերը, որոնք պետությունը չի տալիս որևէ ռիսկ կառավարելու համար, ընդհանրապես պետք է վերացվեն: Այսինքն՝ եթե այդ կարգավորման վերացման արդյունքում որևէ ռիսկ չի առաջանում՝ կլինի անվտանգության, առողջապահական իմաստով անվտանգության կամ որևէ իմաստով անվտանգության հետ կապված կամ այլ ռիսկեր, բոլոր կարգավորումները պետք է հանվեն, որպեսզի բիզնեսը կարողանա անկաշկանդ և ազատ գործել: Սա կառավարության գործունեության հաջորդ կարևոր ուղղությունն է:

Ես ուզում եմ ասել, որ հենց սրա հետ է կապված նախարարությունների թիվը կրճատելու կառավարության նպատակադրումը, որի վերաբերյալ օրենքի նախագիծը առաջիկայում մենք կներկայացնենք Ազգային ժողով: Ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ՝ մի քիչ գործնական և մի քիչ էլ գաղափարական և փիլիսոփայական, որովհետև եթե շատ է նախարարությունների թիվը, եթե շատ են պետական աշխատողները, այդ նախարարությունները պետք է ինչ-որ բան կարգավորեն, չէ՞, այսինքն՝ ինչքան մեծանում են նախարարությունները, այնքան ավելանում են կարգավորումները: Երբ փոքրանում են նախարարությունները, նախարարությունների թվի փոքրացման արդյունքում ամենամեծ հնչող մտահոգությունն այն է, որ ասում են՝ այդ ծավալով կառավարությունը, պետական համակարգը չի կարողանա աշխատանքի ամբողջ ծավալն անել: Մենք էլ դա ենք ասում, հետևաբար, պետք է փոքրացնել այդ աշխատանքի ծավալը, որպեսզի միջամտությունը բիզնեսին և բոլոր այն տեղերում, որտեղ այդ միջամտության կարիքը չկա ռիսկերի կառավարման առումով, կարողանանք հանել:

Այս առումով ես ուզում եմ միանգամից ասել, որ չեմ կիսում այն գնահատականները, որ նախարարությունների թվի կրճատման հարցին պետք է նայել պոտենցիալ աշխատատեղերի կրճատման կամ ավելացման տրամաբանության մեջ, որովհետև, այո՛, այդ թվում խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներն ասում են՝ բա նախարարությունների թիվը որ կրճատում ենք, աշխատատեղերի մասին չե՞նք մտածում: Եթե պետական կառավարման համակարգը մենք դիտում ենք որպես աշխատատեղ, եկեք ուրեմն գնանք ուրիշ ճանապարհով. Ազգային ժողով-կառավարություն համաձայնությամբ ևս մի 20000 նոր աշխատատեղ բացենք: Նախարարությունների թիվը Սահմանադրությամբ չենք կարող ավելացնել, բայց կարող ենք հաստիքացուցակն ավելացնել. եկեք ամեն նախարարությունում 1000 հաստիք բացենք և 1000 մարդ ընդունենք գործի, ասենք աշխատատեղ ենք բացել, մարզպետարանների աշխատողների թիվը կրկնապատկենք, եռապատկենք, քառապատկենք, հնգապատկենք: Ինչո՞ւ որ ասում են՝ կառավարությունը պետք է մտածի աշխատատեղերի մասին, նկատի ունեն նախարարություննե՞րը: Այսօր որևէ մասնավոր ընկերություն համաձա՞յն է իր հաստիքների թիվն ավելացնել այնպիսի հաստիքներով, որի կարիքն ինքը չունի: Ովքեր այդպիսի քննադատություն են հղում կառավարությանը, ես առաջարկում եմ՝ թող իրենց ընկերություններում հազարավոր աշխատատեղեր ստեղծեն, և տեսնենք՝ այդ ընկերությունների հետ ինչ կլինի մեկ տարի, տարիուկես հետո:

Բայց, մյուս կողմից,  արդյոք մենք ասո՞ւմ ենք, որ այդ մարդկանց սոցիալական վիճակի մասին ընդհանրապես չենք մտածում, և մեզ դա չի էլ հետաքրքրում: Ոչ, ամենևին, դրա համար մենք ամեն ինչ անում ենք՝ այս պրոցեսը հնարավորինս սահուն իրականացնելու համար: Դրա համար մենք այսօր ամեն ինչ կանենք, որպեսզի խոշոր կրճատումներ, այսպես ասած, ազատումներ տեղի չունենան, և յուրաքանչյուր պետական պաշտոնյա, նախարարության աշխատող այս գործընթացում ստանա իր հնարավորությունը՝ ապացուցելու, որ ինքն անում է կոնկրետ աշխատանք և ունի բավարար որակավորում՝ այդ աշխատանքն իրականացնելու համար: Հետևաբար, առաջին փուլում ուղղակի նախարարություններն ավտոմատ կմիանան իրար: Իհարկե, կլինեն որոշակի հաստիքների կրճատումներ, դրանք կլինեն կրկնվող հաստիքներ, բայց ընդհանուր առմամբ խոշոր կրճատումներ չեն լինի, այլ ժամանակի ընթացքում մենք կտեսնենք և այդ պրոցեսը կիրականացնենք բացառապես որակական և գործառութային տրամաբանության մեջ, այսինքն՝ ավտոմատ կրճատումներ չեն լինի:

Բայց նախարարությունների և պետական կառավարման համակարգի համատեքստում ես ուզում եմ մի խնդրի անդրադառնալ՝ վերադառնալով քաղաքացիների վարքի փոփոխությանը: Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության համատեքստում ես հասկանալիորեն կարևորեցի քաղաքացու քաղաքական վարքագծի փոփոխությունը՝ արձանագրելով, որ հենց քաղաքացու քաղաքական վարքագծի փոփոխությունն էր, որ բերեց հեղափոխության: Բայց արդար չեմ լինի, եթե չնկատեմ, որ 2018 թ. գարնանը Հայաստանի քաղաքացու քաղաքական վարքագծի փոփոխությունը տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ Հայաստանի քաղաքացին տեսավ Հայաստանի Հանրապետության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների կամ ընդդիմադիր առաջնորդների վարքագծի փոփոխությունը: Այդ պաշտոնյաներից մեկն Ազգային ժողովի խմբակցության ղեկավար էր, մյուսները՝ ԱԺ պատգամավորներ, նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներ: Եվ ահա մի օր նրանք ոչ թե ուղղակի հարցազրույցներ էին տալիս, ինչպես ընդունված է Հայաստանում ընդդիմադիր քաղաքական գործունեության համար, ոչ թե ուղղակի հանրահավաք կամ երթ էին հրավիրում, այլ քայլում էին անձրևի ու արևի տակ՝ այդ ընթացքում անընդհատ խոսելով քաղաքացու հետ, քնում անտառներում, դաշտերում, փողոցներում, ոչ թե ուրիշներին էին ուղարկում պառկելու ավտոբուսների ու մեքենաների տակ, այլ իրենք էին դա անում, ոչ թե ուրիշներին էին ուղարկում իշխանության հետ դիմակայության առաջին գիծ, այլ իրենք էին հայտնվում այնտեղ, ոչ թե ուրիշներին էին հրահանգում փշալարեր անցնել, այլ իրենք էին դա անում, ոչ թե ուղղակի սուր քննադատության էին ենթարկում իշխանություններին, այլ, օրինակ, ծխաջահեր էին պարզում ԱԺ բարձր ամբիոնից՝ ազդարարելով խոսքից գործի անցնելու ժամանակի մեկնարկը:

Քաղաքական առաջնորդության վարքագծի փոփոխությունն էր, որ բերեց քաղաքացիների վարքագծի փոփոխության և նաև՝ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի: Եվ այդ հեղափոխության առաջնորդները և նույնիսկ մասնակիցներից շատերն այսօր պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են: Հեղափոխության հարթակը, ըստ էության, Հայաստանի Հանրապետության կառավարող քաղաքական ուժն է, և այդ ուժը հայտարարում է տնտեսական հեղափոխության մեկնարկը, և այդ ուժն արձանագրում է, որ տնտեսական հեղափոխության առանցքային գործոնը քաղաքացու տնտեսական վարքագծի փոփոխությունն է:

Բայց մենք ինքներս մեզ հետ և հանրության հետ ազնիվ չենք լինի, եթե չխոստովանենք, որ քաղաքացու տնտեսական վարքագծի փոփոխության համար առանցքային նշանակություն ունի պետական պաշտոնյայի վարքագծի փոփոխությունը, և այս փուլում շատ կարևոր է բարձրաձայնել և պատասխանել մի չափազանց կարևոր հարցի՝ իսկ որքանո՞վ է այս ընթացքում մեզ հաջողվել փոխել պետական պաշտոնյայի վարքագիծը, և ինչքանո՞վ ենք մենք՝ թավշյա հեղափոխության կազմակերպիչներս, ի վիճակի եղել փոխել մեր կողմից ստանձնած  պետական պաշտոնների վարքագիծը: Եթե ավելի պարզ ձևակերպեմ խնդիրը՝ որքանո՞վ ենք մենք ի վիճակի եղել լինել այնպիսի պաշտոնյա, ինչպես վայելում է լինել ժողովրդի ուժով և ժողովրդական հեղափոխությամբ բարձրաստիճան դարձած պաշտոնյաներին: Այս հարցի քննարկման ընթացքում, սիրելի պատգամավորներ, կառավարության սիրելի անդամներ, սիրելի հայրենակիցներ, պարտավոր եմ լինել մաքսիմալ անկեղծ և արդար՝ չտրվելով ո՛չ ականջահաճո գնահատականների, ո՛չ ինքնախարազանման չափազանցությանը, և ո՛չ էլ իրականությունից փախչելու հարմարավետ մեթոդաբանությանը:

Եվ ուրեմն, փոխվե՞լ է արդյոք պետական պաշտոնյայի վարքագիծը վերջին 10 ամիսների ընթացքում: Այս հարցի պատասխանին անդրադառնալիս պետք է նախ արձանագրել, որ պետական պաշտոնեությունն այսօր միատարր չէ կամ ավելի ճիշտ բազմազան է՝ առավել, քան երբևէ: Շատերը սրան ուշադրություն չեն դարձնում, ես հարկ համարեցի այսօր ընդգծել. այսօր պետական պաշտոնյա է և՛ քաղաքական ակտիվիստը, ով 2 կամ 10 տարի առաջ պայքարում էր իշխող կլանի դեմ, և՛ չինովնիկը, ոստիկանը, դատախազն ու քննիչը, ով հալածում էր իշխանության դեմ պայքարող այդ նույն ակտիվիստին, այսինքն՝ 2 տարի առաջ նրանցից մեկը պայքարում էր իշխանության դեմ, մյուսը հետևից ընկած բռնում էր, հալածում էր: Հիմա երկուսն էլ պետական պաշտոնյա են՝ և՛ այն պաշտոնյան, ով «նալոգներ» էր հավաքում բիզնեսից, իր փայը վերցնում, վերևների փայը տալիս վերևներին, և՛ պրոֆեսիոնալը, ով բացարձակապես անտարբեր է եղել քաղաքական նրբությունների նկատմամբ և առանց զգացմունքների կատարել է իր աշխատանքը՝ դրա դիմաց պահանջելով միայն համարժեք, այսինքն՝ բարձր վարձատրություն: Այսինքն՝ այն մարդը, ով պետական պաշտոնյա է եղել, միայն «նալոգ» է վերցրել-տվել, տվել-վերցրել, վերցրել-տվել, և՛ ինքն է այսօր պետական պաշտոնյա, և՛ այն մարդը, ով ասել է՝ ես պրոֆեսիոնալ եմ, իմ աշխատավարձը տվեք, ես իմ աշխատանքը կանեմ: Ե՛վ կաշառքով և ընտրակեղծարարության շնորհիվ պաշտոնն ստանձնածը, որի առաջնահերթ խնդիրը պաշտոնի համար ծախսած կաշառքը ետ բերելն է և այդ ներդրման բավարար շահութաբերությունն ապահովելը, և՛ չինովնիկը, որի համար պետական ծառայության միակ գրավչությունը ոչինչ չանելու անսահմանափակ հնարավորությունն է, և՛ ծառայողը, որի համար պետական կարգավիճակի միակ նպատակն ուրիշների նկատմամբ առավելություն ձեռք բերելն է, այդ առավելությունը հոգեբանական, երբեմն՝ ֆիզիկական, երբեմն ֆինանսական արդյունքներ արձանագրելը, երբեմն՝ բոլորը միասին:

Եվ ուրեմն, այսօր մենք ունենք մի վիճակ, երբ պետական պաշտոնյաների 10 կամ ավելի քիչ տոկոսը նորերն են, իսկ 90 կամ ավելի տոկոսը՝ հները: Սա նաև այսպես է, որովհետև 2018 թ. հեղափոխության հարթակից անձամբ ես տասնյակ անգամ խոստացել եմ, որ հեղափոխությունից հետո կադրային ջարդ տեղի չի ունենալու և տեղի չի ունեցել: Սա մեր պարտավորությունն է եղել, իմիջիայլոց, հեղափոխությունից առաջ: Մենք տասնյակ անգամ ասել ենք՝ ժողովուրդ, մենք իշխանության հասանք, կադրային ջարդ չենք անելու, այսինքն՝ գերանդին չենք վերցնելու և աջուձախ չենք հնձելու: Այսպես է նաև այն պատճառով, որ կառավարությունը խնդիր է ունեցել և ունի ապահովելու կառավարման համակարգի կայունություն: Պատկերացրեք՝ մենք հասնում էինք իշխանության և նախարարություններից հարյուրավոր և կառավարման համակարգից հազարավոր մարդկանց ինչ-որ մի ձևով, հեղափոխական տրամաբանությամբ ազատում էինք: Իսկ ի՞նչ էր լինում դրանից հետո:

Այսպես է նաև այն պատճառով, որ մենք չենք ցանկացել ու չենք ցանկանում քարուքանդ անել պետական կառավարման համակարգը և այն լցնել ու լցոնել մերոնցականներով: Մենք, ինչպես վերը նշեցի, չենք ուզում լինել խմբի կամ խմբային կառավարություն և նոր բաժանարար գծեր քաշել մեր հանրության մեջ՝ մարդկանց բաժանելով հների և նորերի, որովհետև կարծում ենք, որ յուրաքանչյուր հին նորանալու շանս պիտի ունենա, եթե դրա համար չկան անհաղթահարելի խոչընդոտներ, և ցանկացած նոր կարող է շատ արագ հնանալ, եթե երկրում չեն գործում հակակշիռների և փոխզսպումների իրական մեխանիզմներ: Եվ ուրեմն, խնդրո առարկա հարցի մասին խոսելիս պետք է նախ արձանագրել, որ մենք գտնվում ենք նոր պաշտոնյաների 10 տոկոսի և հին պաշտոնյաների 90 տոկոսի փոխազդեցության միջավայրում, որտեղ կողմերից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումը և փորձում է ազդել մյուս կողմի պատկերացումների վրա:

Եվ ուրեմն, կարողացե՞լ ենք արդյոք վերջին 10 ամիսների ընթացքում փոխել պետական պաշտոնյայի վարքագիծը, թե՞ ավելի շատ պետական պաշտոններն են փոխել մեր վարքագիծը: Պետք է խոստովանել, և սա բնական է՝ այս հարցը չունի շատ հստակ պատասխան: Կամ ավելի ճիշտ ունի հստակ պատասխան և ամենաազնիվ պատասխանը հետևյալն է. այո՛, մենք կարողացել ենք պետական պաշտոնների վարքի, այսինքն՝ ինքներս մեզ վրա ազդել: Հույս ունեմ ճիշտ կարողացա նկարագրել՝ օրինակ, որ ես վարչապետ եմ դարձել, կարողացե՞լ եմ վարչապետի վարքի վրա ունենալ ազդեցություն, որ վարչապետը չլինի այնպիսին, ինչպիսին վարչապետը էր: Եվ այդպես պատգամավորը, նախարարը, ԱԺ փոխնախագահները, նախագահը: Պետք է խոստովանել, որ այստեղ ազդեցությունները փոխադարձ են: Այո՛, և՛ փոխվել է, և՛ չի փոխվել:

Ես ուզում եմ բերել շատ պրիմիտիվ օրինակներ, որոնք կարող են դա ցույց տալ, որովհետև համակարգը շատ լուրջ ազդեցության լծակ է: Երբեմն շատ դժվար է այդ համակարգին դիմադրելը, և դրա համար կրկնակի ջանքեր են պահանջվում: Բերեմ մի օրինակ. բնականաբար, իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում իմ տեքստերը ես ինքս եմ գրել, այսինքն՝ չի եղել երբևէ՝ մինչև վարչապետ դառնալու օրը, մի դեպք, երբ որևէ ուրիշ մեկն աշխատած լինի իմ ելույթի վրա, ինչ-որ պիտի ասեի, ես եմ ասել: Բնականաբար, վարչապետ դառնալուց հետո լինում են դեպքեր, որովհետև տարբեր առիթներ կան, երբ ինձ համար տեքստեր են գրում, որովհետև ես չեմ կարողանում անձամբ այդքան տեքստերը գրել և կարդալ: Եվ երբեմն ինձ բերում են տեքստեր, ես այդ տեքստը կարդում եմ, և այդ տեքստի միջից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը: Ու ես զարմանում եմ՝ լավ, մարդիկ այս տեքստը որ գրել են, իրենք Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններ չե՞ն նկատել, տեղյակ չե՞ն՝ երկրում ինչ է կատարվել: Այսինքն՝ եթե Սերժ Սարգսյանը հիմա լիներ վարչապետ և գնար այդ  միջոցառմանը, նույն տեքստն էր կարդալու: Նույն տեքստը բերվում և տրվում է ինձ՝ ենթադրենք այդ հանդիպումից մեկ կամ կես ժամ առաջ: Գուցե 3 օր դրած է այնտեղ, բայց ես ուղղակի ժամանակ չեմ ունեցել 3 օր առաջ դա նայել, գնալուց առաջ վերցնում, մեքենայի մեջ կարդում եմ:

Այս միջավայրում ենք աշխատում, և ես սա չեմ ասում որպես վատ, ոչ էլ ասում եմ որպես լավ բան: Ես ասում եմ սա որպես օբյեկտիվ իրականություն: Այո,  մենք շատ դեպքերում ազդել ենք պետական պաշտոնյայի վարքագծի վրա: Օրինակ՝ այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետի կորտեժը փոքրացել է, չի վերացել, սակայն կարմիր լույսի տակ կանգնում է, դա փոփոխությո՞ւն է, թե՞ փոփոխություն չէ:

Խստագույն հսկողություն է իրականացվում, քանի որ ուզում ձեզ ուղիղ և պարզ խոստովանել, որ դա միակ ճանապարհն է կասեցնել նվերների հոսքը դեպի վարչապետի կաբինետ: Ուրիշ ոչ մի տարբերակ չկա, որովհետև սկզբից գիրք են նվիրում, հետո մի ուրիշ բան, հետո ոսկեղեններ, հետո թանկարժեք ինչ-որ բաներ և այլն:  Ես ինչքան էլ շատ դեպքերում նույնիսկ վատ եմ զգում, բայց որովհետև հնարավոր չի կանխատեսել, թե ով ինչ կանի: Դրա համար այսօր նույնիսկ օդանավ մտնելիս այդքան խիստ հսկողություն չեն անցնում մարդիկ, ինչքան վարչապետի կաբինետ մտնելիս, որովհետև դա միակ տարբերակն է: Ես համենայնդեպս 7 ամսվա արդյունքներով համոզվեցի դրանում, որ դա միակ տարբերակն է, որովհետև խնդրելով, աղաչելով, համոզելով չես կարող մարդկանց հետ անընդհատ կոնֆլիկտի մեջ մտնել:

Այսօր մենք ունենք նաև ուրիշ երևույթ, երբ պետական պաշտոնյա դարձած երբեմնի ընդդիմադիր ակտիվիստը մտածում է, թե ինքը պետք է գործի նույնկերպ, ինչպես նախկինում: Սա ավելի շատ վերաբերում է մեր հատվածին՝ չմտածեք  հանկարծ, որ ես իշխանության ներկայացուցիչ եմ, դադարել եմ ակտիվիստ կամ ընդդիմադիր լինել, ճիշտ է, ես իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ, բայց ես շարունակում եմ ընդդիմադիր մնալ այն ընդդիմադիր տրամաբանությամբ, որ ով աչքիս դեմը գալիս է՝ քլնգում եմ: Բայց պետք է հասկանալ, որ եթե չես կարող այս կարգավիճակում խոսել այնպես, ինչպես առաջ, դա չի նշանակում, որ ծախվել ես ինչ-որ մութ ուժերի, այլ պարզապես փոխվել է  կարգավիճակը, պատասխանատվությունն ու հարաբերությունը: Եվ այսօր յուրաքանչյուր պետական պաշտոնյա, ով ակտիվիստից դարձել է պետական պաշտոնյա, պետք է սա գիտակցի, որովհետև եթե չգիտակցի՝ պրոբլեմ է: Մարդը պաշտոն է ստացել, բայց  իրեն թվում է, թե ինչպես նախկինում իր գործունեության ոլորտը ֆեյսբուքի էջն էր, հիմա էլ է դա: Եվ պետք է ֆեյսբուքի էջում սուր ստատուսներ գրելով՝ ասենք գնա ստուգի որևէ կազմակերպություն, առանց մտածելու որ այդ ստատուսը կարող է այդ ստուգումների արդյունքների դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնա, ասենք, փաստորեն դուք մինչև ստուգելը դուք արդեն որոշել եք: Չի կարող այդպես շարունակվել:

Եվ ի՞նչ պետք է անենք այսօր: Սիրելի հայրենակիցներ, պետք է պետական ծառայության ստանդարտները բարձրացնենք: Ստանդարտները պետք է բարձրացնենք ոչ թե ըստ քաղաքական ուժի, այլ ըստ  հատկությունների, ըստ որակների: Եվ պետք է խոստովանել, հիմա ասելու եմ ամենացավոտ բանը բոլորիս համար, որ պետական պաշտոնի ստանդարտի բարձրացումն անհնար կլինի առանց պետական պաշտոնյաների և ապարատի վարձատրության բարձրացման: Դա ուղղակի անհնար է:

Կառավարությունից այսօր միտում է նկատվում՝ հոսք դեպի մասնավոր հատված: Ինչո՞ւ, որովհետև այսօր մենք ասում ենք պարգևավճարներ, պարգևավճարներ, պարգևավճարներ, ճիշտ ենք ասում, բայց այդ պարգևավճարները հրապարակային թափանցիկ ստացած մարդիկ տարի ու կես առաջ ծրարով փող են ստացել, ազատ են եղել բիզնես գործունեությունը պաշտոնների հետ համատեղել: Իսկ այսօր այդ ամեն ինչը չկա:  Ու այդ մարդը մտածում է, թե  150 հազար դրամ աշխատավարձով ինչու մնամ այստեղ: Ես կառավարության աշխատակազմից արդեն կոնկրետ մի քանի դեպք գիտեմ:  Մարդիկ գնում եմ մասնավոր հատվածում աշխատելու, որովհետև այնտղ  400 հազար դրամի փոխարեն իրենց 1 մլն 200 հազար դրամ են առաջարկում: : Ասենք՝ ով կմնա այստեղ աշխատելու:

Եվ ամենադրական բանը վերջին շրջանում համարում եմ, որ այս ամեն ինչի վերաբերյալ այսպիսի բուռն հանրային բանավեճ է տեղի ունենում: Դա շատ կարևոր է, որպեսզի մենք հասկանանք ինչ ենք անում և ինչի համար ենք անում: Շատ ճիշտ են  ասում, երբ ասում են՝ պետական պաշտոնյայի աշխատավարձը պե՞տք է բարձր լինի, իսկ թոշակառո՞ւն: Շատ ճիշտ է հնչում, բայց հարց՝  պետական այն պաշտոնյան, որը պետք է զբաղվի թոշակառուի թոշակը բարձրացնելու խնդրի լուծմամբ, բավարար չափով  չվարձատրվեց, արդյոք կարողանալու է արդյունավետ գործել թոշակառուի աշխատավարձը բարձրացնելու ուղիների վերաբերյալ:  Կամ այսօր ընդհանուր առմամբ շատ է խոսվում, և արդարացի է խոսվում, Պետեկամուտների կոմիտեի պարգևատրումների չափերի վերաբերյալ: Եվ այո, շատ բան ճիշտ է ասվում և ես արդեն ասել եմ, որ 2019 թվականին նախկինում գոյություն ունեցող պարգևատրման ֆոնդը մենք ուղիղ 50 տոկոսով կրճատել ենք: Եվ դարձյալ ուզում եմ ասել, որ միշտ այս թեմաների մասին խոսելիս  պետք է հաշվի առնել, որ Հայաստանի պետական կառավարման համակարգում ծրարներով աշխատավարձ տալու ավադույթը միշտ ներկա է եղել:  Այս վեճը իմ և համակարգի միջև  սկսվել է մայիսից, և ամենակարևոր ահազանգը, որ ես լսում եմ նման գործողությունների արդյունքում հետևյալն է՝ իսկ արդյոք մենք հաշվել ենք, թե նման գործողությունները պետական բյուջեի եկամուտների հավաքագրման համար ինչ ռիսկեր կառաջացնեն, այդ թվում՝ թոշակառուների թոշակները վճարելով: Բայց չէ որ ասում են, որ 90 տոկոսն այդ պետական կառավարման համակարգում նույն մարդիկ են: Եվ մենք գալիս ենք և առաջին գործով նրանց եկամուտները, վարձատրությունը 50,60,70 տոկոսով կրճատում ենք: Այդ մարդուն առնվազն կաշառքից զրկում ենք, նալոգ  հավաքելուց զրկում ենք, աշխատավարձն իջեցնում ենք, ասում ենք՝ գնա հարկեր հավաքի , ասում է՝ չեմ հավաքում, ընդհակառակը չեմ հավաքի հարկեր, որ ձեր հեղափոխական կառավարությունը, չկարողանա պետական բյուջեի եկամուտները հավաքի, չկարողանա թոշակ, աշխատավարձ վճարի, որ բունտ լինի: Իմիջայլոց, հակահեղափոխություն որ ասում են, դա շատ կոնկրետ պարամետրեր ունի: 2018 թվականի մայիսից առաջին խնդիրը,  և սա ասում եմ օպերատիվ տեղեկատվությանը տիրապետելով, որոնք, համենայնդեպս, ինձ մատակարարվել է օպերատիվ ծառայությունների կողմից, ամենառաջին խնդիրը եղել է այն, որ բյուջեի եկամուտները չհավաքագրվեն, որովհետև այդ համակարգում 90 տոկոսով իրենց պատկերացմամբ եղել են իրենց մարդիկ: Եվ հեղափոխության ձախողումն ապացուցելու ամենակարճ ճանապարհը որ՞ն է՝ այո, մարդիկ 2018 թվականի հունվարին վատ էին ապրում, դժգոհ էին, բայց գոնե թոշակ էին ստանում, ցածր, բայց ստանում էին, գոնե աշխատավարձ էին ստանում, ցածր, բայց ստանում էին: Պատկերացրեք, այս 7 ամսվա ընթացքում մեկ էլ պարզվեր, որ բյուջեն չի հավաքագրվել և հնարավոր չէ թոշակ տալ: Կարո՞ղ էր լինել այդպիսի սցենար, իհարկե կարող էր, աշխատո՞ւմ էին ոմանք, որ այդպիսի սցենար լիներ, իհարկե աշխատում էին:  Քաղաքական այլ ենթատեքստ չտաք, բայց եկեք գնանք ուշադիր հեռազոտենք, թե Հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ամենաշատ ձայները որտե՞ղ է հավաքել՝ այն տեղերում, որտեղ կա այս պահին որոշ համակարգերում գործող պետական պաշտոնյանների որոշակի համակենտրոնացում: Ահա այդ տեղերում է Հանրապետական կուսակցությունն ամենաշատ ձայները հավաքել: Եվ եթե ուզում եք իմանալ, որ մեր կառավարությանը շատ դեպքերում նաև քննադատում են նման դեպքերի համար՝ կառավարությունը, այո, շատ դեպքերում նույնիսկ ստիպված է եղել ինչ-որ առումով փրկագին վճարել, որպեսզի այդ դրսևորումները կարողանա և հնարավորություն ունենա կառավարել: Որովհետև եթե թոշակառուն  7- 10 ամսվա ընթացքում թոշակ  չստանար,  իրեն չէր հետաքրքրի դրա պատճառները:

Հարգելի գործընկերներ, շարունակելով միտքը, ուզում եմ ասել, որ ՀՀ-ում տնտեսական հեղափոխություն իրականացնելու մեր ռազմավարությունը նույն տրամաբանսության մեջ է և մենք դա տեսնում ենք հետևյալի մեջ. ստեղծել հնարավորություններ, ապահովել կապիտալի և սեփականության անվտանգությունը, հասանելի դարձնել ֆինանսական, ներդրումային միջոցները, ապահովել հարկային բալանսավորված քաղաքականություն, անապահով խավերին աշխատանքի քաջալերել, այդ թվում՝ հարկային արտոնյալ միջավայր ձևավորելու միջոցով և մարդկանց գիտակցության մեջ առաջինը հարուցել տնտեսական հեղափոխություն, որի առանցքային նպատակն է տնտեսական վարքի փոփոխությունը:

Իհարկե, մենք ունենք նաև որոշակի առաջնահերթություններ և գործիքակազմ և այդ առաջնահերթությունների տրամաբանությամբ են տեղի ունենում նաև կառավարության կառուցվածքի փոփոխությունները, որ մենք պետք է առաջարկենք ՀՀ ԱԺ-ին: Ինչպես տեղյակ եք, մենք մտադիր ենք ՀՀ-ում հիմնել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և սա մենք դիտում ենք որպես կարևոր առաջնահերթություն ՀՀ-ում տնտեսական կառուցվածքի և համախառն ներքին արդյունքի կառուցվածքի մեջ փոփոխություններ իրականացնելու համար: Ըստ էության, մենք սրանով ուղերձ ենք հղում, որ ՀՀ-ն մի երկիր է, որը հետարքրքված է այս ոլորտի զարգացմամբ և մենք նաև պատրաստվում ենք քայլեր ձեռնարկել, այդ թվում ինչպես ասացի, հարկային օրենսգրքի փոփոխությամբ ոլորտն առավել գրավիչ դարձնելու միջազգային հանրության համար»:

ՄԱՍ 3



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am