Ֆինանսների փոխնախարարը պրոգրեսիվ եկամտահարկի կիրառման արդյունքում տեսնում է իրական եկամուտների թերհայտարարագրում

Armenpress 12:44, 12 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգից համահարթին անցնելու պետության մտադրությունը պայմանավորված է նաև նրանով, որ պրոգրեսիվի պարագայում շատերը թաքցնում են իրենց իրական եկամուտները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն այս մասին ասաց Հայաստանում փետրվարի 12-ին անցկացվող  «Հարկային համակարգ, արդարություն ու տնտեսության զարգացում» միջազգային համաժողովում:

«Ներկայում Հայաստանում կիրառում ենք եկամտային հարկի պրոգրեսիվ համակարգ: Դա համահունչ է սոցիալական արդարության սկզբունքներին: Ոչ ոք դա չի վիճարկում: Բայց մեր գնահատմամբ՝ մենք ունենք անվանական առումով պրոգրեսիվ համակարգ, որն իրականում այնքան էլ պրոգրեսիվ չէ: Հարկային օրենսգրքի վերջին փոփոխությամբ մենք մի փոքր մեղմեցինք իրավիճակը և պրոգրեսիվություն հաղորդեցինք: Սակայն մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ համակարգը հիմա էլ հեռու է դասական առումով պրոգրեսիվ համակարգ բնութագրվելուց: Պրոգրեսիվ համակարգի կիրառությունն իր հետ բերում է  որոշակի խնդիրներ: Եվ հիմնական խնդիրը, թերևս, եկամուտների իրական մեծության թերհայտարարագրումն է»,-ասաց փոխնախարարը:

Նա նշեց, որ Հայաստանում հարկ վճարողների ընդհանուր թվաքանակի 65 տոկոսը ամսական կտրվածքով ստանում է մինչև 150 000 դրամ եկամուտ: Գոնե այդպես հայտարարագրվում է: Ընդ որում, այս խումբը ստանում է ընդհանուր եկամուտների ընդամենը 32 տոկոսը: Հաջորդ եկամտային խումբը՝ 150 000 դրամից մինչև 2 մլն դրամ՝ շուրջ 33 տոկոս հարկ վճարողները գտնվում են այն խմբում, որոնք ստանում են ընդհանուր եկամուտների շուրջ 60-61 տոկոսը: Եվ ընդամենը հարկ վճարողների 2.5-3 տոկոսն է, որ հատում է 2 մլն դրամի սահմանագիծը: Փոխնախարարը այս ցուցանիշը համարեց ազդակ, որ պրոգրեսիվ համակարգի կիրառությունն առաջացնում է որոշակի խնդիրներ:

Հայաստանում Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է 2019 թ. սեպտեմբերից անցում կատարել համահարթ եկամտահարկի՝ 23 տոկոսի: Դրանից հետո՝ 2020- 2023 թթ. այն աստիճանաբար նվազելու է՝ հասնելով 20 տոկոսի: Նախագիծը դեռ հանրային քննարկման փուլում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am