Էդուարդ Թոփչյանը դասական արվեստի զարգացման գործում հրատապ է համարում կրթության հարցը

Armenpress 16:38, 11 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը դասական երաժշտության ոլորտում առկա գերագույն խնդիր է համարում կրթության որակի բարձրացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին դիրիժորն ասաց փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Խնդիրները շատ են, բայց առաջնային է կրթության հարցը: Մենք  հիմա շատ ոգևորված ենք, որ դեռ ունենք որոշ նվաճումներ, բայց շուտով դրանք էլ չենք ունենա: Շտապ պետք է այնպես անել, որ հինգ կամ վեց տարեկան երեխաները կրթվեն դասական երաժշտությամբ, որպեսզի տասը տարի հետո կամաց-կամաց  փոխարինողներ ունենանք: Պետք է զբաղվել երեխաներով, անհատապես ստուգել նրանց  կարողությունները, հետևել բոլորի աճին»,-ընդգծեց Թոփչյանը և հավելեց, որ ժողովուրդը պետք է հասկանա` դասական երաժշտությունից բարձր արվեստ չկա:

Անդրադառնալով ՀՀ մշակույթի նախարարության այլ կառույցի միանալու հարցին` Թոփչյանը նշեց, որ, ըստ իրեն, դա որևէ  մեկին չի կարող խանգարել, որովհետև  խնդիրը մշակութային քաղաքականությունն է: «Ես չգիտեմ, թե ի՞նչ քաղաքականություն պետք է իրականացվի, որ մշակույթի բոլոր ոլորտներում դրական զարգացումներ լինեն: Դա հեշտ չէ և կախված է նաև մշակույթի  գործիչներից: Շատերին թվում է, թե պետք է իրենց տեղում նստեն,  ու հանկարծ ինչ-որ մեկը պետք է այնպես անի, որ իրենց համար ամեն ինչ լավ լինի, բայց այդպես չէ»,-շեշտեց դիրիժորը:

Նրա խոսքով` եղել են ժամանակներ, երբ ՀՀ մշակույթի նախարարությունը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին ուղղակի շատ  է խանգարել, եղել է շրջան, որ չի  խանգարել, իսկ օգնելու մասին խոսք չի եղել:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am