ՀՀ ՊԵԿ-ի և Իտալիայի հարկային մարմնի միջև նախատեսվում է «Մտադրությունների մասին հայտարարության» ստորագրում

Armenpress 12:03, 11 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում փետրվարի 6-8-ը կայացել են Հարկային տեսուչներ առանց սահմանների (Tax Inspector Without Borders) ծրագրի նախապատրաստական աշխատանքների շրջանակում աշխատանքային հանդիպումներ Իտալիայի հարկային մարմնի Հատուկ հարկային ստուգումների ստորաբաժանման (Special Tax  Audit Unit) ղեկավար՝ Վիտո Ֆուրնարիի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագիրը Միավորված Ազգերի Զարգացման Ծրագրի և Տնտեսական համագործակցության և Զարգացման կազմակերպության համատեղ իրականացվող գործնական նախաձեռնություն է՝ ուղղված զարգացող երկրների հարկային համակարգերի զարգացմանը։ Այն հնարավորություն է տալիս փոխանցել հարկային ստուգմանը վերաբերող գիտելիքները և հմտությունները հարկային մարմնին անմիջապես ստուգումների իրականացման ժամանակ՝ «սովորել իրագործելով (learning by doing)» կարգախոսով: Բացի ակնկալվող ստուգման կարողությունների որակի բարձացումից, նախատեսվում է, որ ծրագիրը կնպաստի նաև հարկային մուտքերի ավելացմանը, հարկ վճարողների վստահության բարձրացմանը և հարկային օրինապահության ամրապնդմանը։ Ի տարբերություն միջազգային տեխնիկական աջակցության այլ ծրագրերի, վերջինս լրացնում է բացը տեսության և պրակտիկայի միջև՝ զբաղեցնելով առաջնային դիրք տեխնիկական աջակցության ոլորտում, մասնավորապես զարգացող երկրների հարկային մարմինների ստուգման կարողությունների զարգացման գործում։

Երկօրյա այցի շրջանակում փորձագետը հանդիպել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալներ Միքայել Փաշայանի, Ռուստամ Բադասյանի և այլ շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Իտալիայի հարկային մարմնի ներկայացուցչի այցելությունը նախապատրաստական քայլ է՝ ծրագրի շրջանակում համագործակցություն հաստատելու և այն հետագայում հուշագրի տեսքով ամրագրելու համար: Այդ նպատակով փետրվարի 26-ից 28-ը նախատեսվում է ՊԵԿ նախագահի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Իտալիայի Հանրապետության հարկային մարմին՝ ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման մեխանիզմների ներդրման, ստուգման կարողությունների ընդլայնման և զարգացման, քննչական մարմինների կարողությունների հզորացման ոլորտներում փոխհամագործակցության հաստատման համար: Աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Իտալիայի հարկային մարմնի ղեկավարի և այլ պաշտոնատար անձանց միջև, որի արդունքում նախատեսվում է Մտադրությունների մասին հայտարարության ստորագրումը: Փաստաթուղթը կներկայացվի ՏՀԶԿ քարտուղարություն, ինչն էլ պաշտոնապես կհանդիսանա ծրագրի մեկնարկ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am