ՀՀ նախագահ Սարգսյանը և Nestlé Waters-ի գործադիր տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Armenpress 10:53, 10 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Փարիզում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Nestlé Waters ընկերության գործադիր տնօրեն Մաուրիցիո Փաթառնելոյի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշելով, որ Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով, և մեր երկրի խմելու ջուրը լավագույններից է աշխարհում՝ զրուցակիցները խոսել են այս ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին։

Նրանք համակարծիք են եղել, որ կան փոխգործակցության լուրջ հեռանկարներ և պայմանավորվել են, որ Nestlé Waters ընկերության գործադիր տնօրենն առաջիկայում կայցելի Հայաստան՝ երկխոսությունը շարունակելու և քննարկումներն ավելի առարկայական դարձնելու նպատակով։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ջրային պաշարների արդյունավետ կառավարման խնդիրներին։

Nestlé Waters-ը գործում է Nestlé Group ընկերության կազմում, շշալցված ջրի արտադրությամբ զբաղվող աշխարհի առաջատար ընկերություններից է: Nestlé Waters-ը նաև իրականացնում է ուսումնասիրություններ և կրթական ծրագրեր՝ ցույց տալու ջրի կարևորությունը մարդկանց կյանքում և առողջության պահպանման գործում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am