«Էլ Կլասիկո»-ն ավարտվեց ոչ-ոքի հաշվով

Armenpress 01:52, 7 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնա»-ն «Նոու Կամպ» մարզադաշտում ընդունել էր Մադրիդի «Ռեալ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկից 6 րոպե անց «սերուցքայինները» բացեցին խաղի հաշիվը: Ստանալով Բենզեմայի փոխանցումը՝ Լուկաս Վասկեսը«Բարսելոնա»-ի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց և բացեց հանդիպման հաշիվը: Առաջին կեսի մնացած հատվածում «Բարսելոնա»-ն նախաձեռնությունն իր ձեռքն էր վերցրել և վիճակագրությամբ էլ առավելություն ուներ, բայց «արքայական ակումբի» ֆուտբոլիստները օգտագործում էին ամեն պահ և զսպանակի պես բացվելով՝ հակագրոհում էր: Թիմերը ընդմիջման գնացին 0:1 հաշվով՝ հօգուտ «Ռեալ»-ի:

Երկրորդ կեսի 57-րդ րոպեին կատալոնական ակումբը շատ արագ հակագրոհելու հնարավորություն ստացավ և Սուարեսի հարվածից հետո գնդակը դիպավ  դարպասաձողին,  հետադարձին առաջինը գնդակին տիրեց և հաշվի հավասարությունը վերականգնեց Մալկոմը: Խաղի մնացած րոպեներին հաշվի մեջ որևէ փոփոխություն չեղավ, և «Էլ Կլասիկո»-ն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 29-ին արդեն Մադրիդում՝ «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում: Կիսաեզրափակիչի մյուս խաղում մրցում են «Վալենսիա»-ն և «Բետիս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am