ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները իմաստուն մարդիկ են, ճիշտ որոշում կկայացնեն. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետն անդրադարձավ գլխավոր քարտուղարի հարցին

Armenpress 14:46, 6 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն իմաստուն մարդիկ են, նրանք գլխավոր քարտուղարի խնդրի վերաբերյալ ճիշտ որոշում կկայացնեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 6-ին Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակամրջի ընթացքում անդրադառնալով ՀԱՊԿ-ում Յուրի Խաչատուրովի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին՝ ասաց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

«ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները իմաստուն ու փորձված մարդիկ են, նրանք ճիշտ որոշում կկայացնեն: ՀԱՊԿ միացյալ շտաբը աշխատող մարմին է, որը պատրաստ է իրականացնել պետությունների ղեկավարների կայացրած ցանկացած որոշում»,- ընդգծեց Սիդորովը:

Նոյեմբերի 2-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի լիազորությունները դադարեցվել էին` նրան քրեական գործով առաջադրված մեղադրանքի հիմքով։

Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:

ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանին է տրված մինչև 2020 թ. ժամկետով, մինչդեռ Բելառուսի Հանրապետությունն այս պաշտոնին առաջարկել է ԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասի թեկնածությունը:

Նոյեմբերի 2-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատարը Յուրի Սեմերիկովն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am