ՀՀ ԱԳ նախարարությունը բարձրացնելու է Ադրբեջանին իսրայելական անօդաչուներ վաճառելու հարցը

Armenpress 15:58, 5 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է երկկողմ ու բազմակողմ տարբեր հարթակներում բարձրացնել Ադրբեջանին Իսրայելի կողմից անօդաչուներ վաճառելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հարցը մշտապես եղել է մեր օրակարգում, և մենք բարձրաձայնել ու բարձրաձայնելու ենք այդ խնդրի մասին, ինչպես երկկողմ հանդիպումների ժամանակ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Այս հարցը բացառություն չի լինելու»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳ նախարարության մամուլի խոսնակն ընդգծեց, որ պետք է մեր միջազգային գործընկերներին մշտապես կրկնել այն ուղերձը, որ մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը շատ վտանգավոր է:

Փետրվարի 4-ին Իսրայելի պաշտպանության նախարարությունը չեղարկել է նախկինում սահմանված արգելքն ու իսրայելական Aeronautics ընկերությանը թույլ տվել Ադրբեջանին վաճառել հայկական կողմի դեմ կիրառված «մահապարտ» անօդաչու թռչող սարքերը:

2017 թվականին Aeronautics Defense Systems Ltd.-ին կասկածել էր իր «մահապարտ» անօդաչուներից մեկը փորձարկելու ժամանակ այն ընդդեմ հայկական զինուժի կիրառելու համար: Դա դիտարկվել էր որպես Իսրայելում գործող օրենքի խախտում, ինչի հետևանքով ընկերությանն արգելվել էր անօդաչուներն ադրբեջանական կողմին վաճառել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am