ՀՀ-ԵՄ հարաբերությունների հիմքերն ամրապնդվում են

Armenpress 20:35, 31 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ԵՄ համագործակցության խորացման ու զարգացման համատեքստում բավական կարևոր քայլ էր Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի այցը Հայաստան։  Այցի շրջանակներում, բացի Հայաստանին ԵՄ ֆինանսական աջակցության և ներդրումների ներգրավման հարցերից, քննարկվել է նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վավերացման և կյանքի կոչման գործընթացը, ինչպես նաև Հայաստանի համար ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման հարցը։

Յոհաննես Հանի պնդմամբ՝ Եվրոպական միությունը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը, հատկապես Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի շրջանակներում։ Կողմերը կարևորել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացն ավարտին հասցնելը և դրա առաջին փուլի շրջանակում քայլերի ձեռնարկումը:  Ուշադրության են արժանի Հայաստանի ձեռնարկած քայլերն այս ուղղությամբ. 2018 թվականի հունիսի 1-ից Համաձայնագիրը մտել է պայմանական կիրարկման փուլ և արդեն իսկ վավերացվել ՀՀ ԱԺ, Եվրախորհրդարանի և ԵՄ անդամ 9 երկրի կողմից։ Վերջերս՝ հունվարի 18-ին պաշտոնապես հաստատվեց Մեծ Բրիտանիայի կողմից համաձայնագրի վավերացումը։

Համաձայնագրի շուրջ փոխգործակցության ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ է նաև ՀՀ կողմից մշակված ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը, որն արդեն իսկ փոխանցվել է եվրոպական կողմին: Հատկանշական է՝ այս առնչությամբ հունվարի 29-ին Յոհաննես Հանի թվիթերյան գրառումը. «Մեր ՀԸԳՀ-ն կարող է ծառայել որպես գործիք՝ տնտեսական, դատական, կրթական ոլորտներում, ինչպես նաև պետության արդիականացման հարցում վստահելի և հավակնոտ բարեփոխումների իրականացման համար, այդ թվում՝ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման տեսանկյունից։ Անհամբեր սպասում ենք ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի ընդունմանը»։ Թերևս կարելի է ենթադրել, որ ինչպես հայկական, այնպես էլ  եվրոպական կողմը շահագրգռված են գործընթացի վավերացումն ավարտին հասցնելու գործում։ Այս առնչությամբ անհրաժեշտ է միայն շարունակել հետևողական աշխատանք տանել եվրոպական գործընկերների հետ՝ նրանց օրակարգում պահելով ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցը։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել նաև, որ ԵՄ ներսում և անդամ տարբեր երկրներում ընթացող բուռն գործընթացները ևս չեն կարող ազդեցություն չունենալ Հայաստանի հետ նոր համաձայնագրի վավերացման վրա:

Եվրահանձնակատարի երևանյան հանդիպումների ընթացքում քննարկված մեկ այլ կարևոր հարց էր ՀՀ հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը։  Հունվարի 29-ին Արտաքին գործերի նախարարությունում նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը ընդգծեց Եվրոպական հանձնաժողովի դրական տրամադրվածությունը Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում: Վերջինիս պնդմամբ՝ նախատեսվում է այս հարցը քննարկել կազմակերպության անդամ երկրների հետ, սակայն նրա համոզմամբ՝  մինչև Եվրախորհրդարանի ընտրությունը դժվար թե այս հարցում նախաձեռնություններ լինեն։

Նշենք, որ վիզային ռեժիմի ազատականացումը Արևելյան գործընկերության Բրյուսելյան գագաթնաժողովի արդյունքում հաստատված՝ երկկողմ համագործակցության չորս առաջնային ուղղություններից մեկն է, որի նպատակը երկկողմ շարժունակության և մարդկանց միջև շփումների խթանումն է։ Հատկանշական է ՀՀ կողմից արված քալերն այս առնչությամբ. մասնավորապես, ՀՀ կողմից հաղթահարվել է ընթացակարգով նախատեսված առաջին փուլը, որը ենթադրում է Վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագրերի կնքում: Երկրորդ փուլը Վիզայի ազատականացման գործողությունների ծրագրի կամ Վիզայի ազատականացման ճանապարհային քարտեզի կյանքի կոչումն է, որով և փաստացիորեն տրվում է վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը: Այժմ ՀՀ բանակցություններն ընթանում են ԵՄ անդամ պետությունների հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ:

Այս հարցում, ինչպես ընդգծեց հենց եվրահանձնակատարը, որոշակի առաջընթաց կարելի է ակնկալել Եվրախորհրդարանի մայիսի 23-26-ը տեղի ունենալիք ընտրություններից հետո, քանզի այդ գործընթացը ևս անհրաժեշտ է համաձայնեցնել ԵՄ բոլոր անդամ երկրների հետ:

Այսպիսով, կարելի է ընդգծել, որ պաշտոնական Երևանի և Բրյուսելի միջև առկա է փոխըմբռնում թե՛ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման և կյանքի կոչման գործընթացի և թե՛ վիզաների ազատականացան երկխոսության մեկնարկի հետ կապված։ Ըստ էության, դրանք դարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա փուլի հիմքերը, որոնք պետք է խթանեն երկկողմ փոխգործակցության զարգացումը և ընդլայնումը:

Գոհար Հովհաննիսյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am