Հզորագույն համերգ և... կիսադատարկ դահլիճ. Փաշինյանն անդրադարձել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգին

Armenpress 11:02, 30 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Կոմիտասի 150-ամյակին նվիրված Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին, որին ինքը ներկա է եղել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

«Երեկ Աննայի հետ գնացել էի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Կոմիտասի 150-ամյակ, Ազգային ակադեմիական երգչախումբ, դիրիժոր՝ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, հզորագույն համերգ: Եւ՝ կիսադատարկ դահլիճ: Սա մեր մշակութային կյանքի եւ քաղաքականության իրական երեսն է. ում հարցնես՝ կասեն, որ Կոմիտասը, Չեքիջյանը, Ակադեմիական երգչախումբը մեզ համար ազգային արժեքներ են: Բայց համակարգը կառուցված է այնպես, որ այդ ազգային արժեքի հետ հնարավորինս քիչ մարդ շփվի, քիչ մարդ հարաբերվի: Որովհետեւ՝ չէ՞ որ դա բարձր ազգային արժեք է, «ամեն մարդու խելքի բան չէ», կերպարվեստի գլուխգործոցները պետք է պահվեն թանգարանների «պադվալներում» (պահարաններում պահվող ռոկոկո բաժակների նման), որովհետեւ դրանք արժեք են եւ ոչ թե ամենօրյա կիրառման եւ յուրացման բովանդակություն: Թանգարաններ պետք է հնարավորինս քիչ մարդ գնա կամ ընդհանրապես չգնա: Եւ այսպես շարունակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մշակութային քաղաքականության նպատակը պետք է լինի հենց այս համակարգը վերացնելը: Նրա խոսքով՝ նոր Հայաստանում մարդը արվեստի, մշակույթի հետ պետք է իրական եւ մշտական հարաբերությունների մեջ լինի, ազգային արժեքները պետք է մոտ լինեն մարդուն՝ ծնողի, հարազատի, յուրայինի նման: Վարչապետն ընդգծել է, որ այդ ընկալումը պետք է սերմանվի դպրոցից: «Հենց այս խնդիրը կամ խնդիրների այս համախումբը պետք է լուծի կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությունը»,-նշել է վարչապետը:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am