Հայկական բանակը մշտապես պետք է լինի առաջխաղացման գործընթացում. ԱԱԾ տնօրեն

Armenpress 15:56, 28 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բանակը մշտապես պետք է լինի առաջխաղացման գործընթացում: ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ Ազգային անվտանգության  ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:  

«Այսօրը մեր երկրի կարևորագույն տոներից մեկն է, բոլորս նշում ենք մեր բանակի կազմավորման օրը: Քանի դեռ մենք ունենք ուժեղ, հզոր բանակ, մեր երկիրը ժողովուրդը կարող են հանգիստ ապրել ու արարել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ Անվտանգության առումով մշտապես կան մարտահրավերներ, և Հայաստանի պաշտպանական համակարգը պարբերաբար աշխատում է այդ ուղղությամբ:

«Մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որ ոչ մի վայրկյան չենք կարող հանգիստ լինել: Այո, մարտահրավերները բազմաթիվ են, սակայն կարող եմ ասել, որ Հայաստանի ողջ պաշտպանական համակարգը՝ թե Պաշտպանության նախարարությունը, թե Ազգային անվտանգության ծառայությունը, թե Ոստիկանությունը, մշտապես աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասաց Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը նշեց, որ հայկական հզոր բանակը մշտապես զարգացման փուլում է: Նա կարևորեց բանակի՝ մշտապես առաջխաղացման գործընթացում լինելու հանգամանքը:

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձը: ՀՀ զինված ուժերի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am