Դեպի գիտական աստիճանաշնորհման համակարգ չինովնիկների հոսքը նվազել է

Armenpress 15:02, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պաշտպանած ատենախոսությունների թիվը վերջին երեք տարիներին նվազում է: 2016 թվականին Հայաստանում պաշտպանվել է 465 ատենախոսություն, 2017 թվականին՝ 394, 2018 թվականին՝ 359:

«Արմենպրես»-ում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը նշեց, որ ատենախոսությունների քանակի նվազման մի քանի պատճառ կա:

«Մի պահ չինովնիկների մեծ հոսք եղավ դեպի գիտական աստիճանաշնորհման համակարգ: Նրանց մի մասն արդեն հագեցել է իրենց աստիճաններից: Նվազման մյուս պատճառն այն է, որ որոշ մասնագիտություններով կան կադրային խնդիրներ:  Ասպիրանտուրայի տեղերի թափուր մնալը բերում է այդ հետևանքներին: Առաջին պատճառի դեպքում նվազման միտումը դրական է, սակայն երկրորդի դեպքում՝ մտահոգվելու առիթ կա»,-ասաց Սմբատ Գոգյանը:

Նա ներկայացրեց մերժված ատենախոսությունների թիվը: 2017 թվականին մերժվել է մեկ ատենախոսություն, որը 2018 թվականին նորից ներկայացնելով՝ պաշտպանվել էր: 2018 թվականին՝ Սմբատ Գոգյանի պաշտոնավարումից սկսած մերժվել է 6 ատենախոսություն, հիմնականում արտագրության և հղումների հետ կապված պատճառներով: Ներկայում մի քանի խնդրահարույց գործեր կան այս առումով, չի բացառվում, որ մերժված ատենախոսությունների թիվը աճի:

«Եթե կարծում եք, որ ինչ-որ ատենախոսության մեջ կա սխալ բովանդակություն, ապա նախապես տեղյակ պահեք մեզ և մենք կարձագանքենք, բայց եթե ոչ մի մասնագետ ձայն չհանի, ատենախոսությունը հաստատվի և նոր գա մեզ՝ բողոքի, ապա մենք այստեղ ոչինչ չենք կարող անել: Վերջերս մի դեպք եղավ: Մեկը եկավ մեզ մոտ և բողոքեց մի ատենախոսության հետ կապված և ասաց, թե ինչպես կարելի էր այն հաստատել: Նրա գնալուց հետո պարզվեց, որ այդ մարդը խորհրդի կազմում դրական է արձագանքել հենց այդ նույն ատենախոսությանը»,-ասաց Սմբատ Գոգյանը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am