Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Օպերայի շենքի ճակատային հատվածում նոր լուսավորության համակարգ տեղադրել

Armenpress 14:43, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի ճակատային հատվածում ծրագրվում է նոր լուսավորության համակարգ տեղադրել և վերակառուցել ամբողջ Ազատության հրապարակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Օպերայի հարակից տարածքը երկու գոտուց է բաղկացած՝ մեկը գտնվում է Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա հատվածում, իսկ երկրորդը՝ հենց Ազատության հրապարակն է: Երկրորդ գոտու կանաչապատումը և սրճարաններից ազատելը մեր պահանջը չի եղել, այլ՝ հասարակության: Ի սկզբանե ամեն ինչ սխալ է մեկնաբանվել»,- նշեց Մեսչյանը:

Նրա խոսքով՝ մի մասը ապամոնտաժելուց (սրճարանների՝ մայթերին եղած հատվածները) բիզնեսը շատ չի տուժելու, մեծ վնասներ չեն լինի: Քաղաքի գլխավոր ճարտարապետը համոզմունք հայտնեց, որ աշխատատեղերն էլ շատ չեն պակասի:

«Ժամկետների առումով ոչինչ չեմ կարող ասել: Նախատեսվում է նաև Օպերայի շենքի ճակատային հատվածում նոր լուսավորության համակարգ տեղադրել: Տարածքն ազատելն առաջին լուրջ քայլն է, հետո կլինեն այլ՝ ավելի հետաքրքիր զարգացումներ»,- շեշտեց Մեսչյանը։

Երևանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալական և սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որով նրանց առաջարկվում էր  հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am