Մատենադարանի մասնագետները կվերականգնեն Մերձավոր Արևելքում վնասված ձեռագրերը

Armenpress 09:38, 24 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տարիներին Մերձավոր Արևելքի երկրներում վնասված ձեռագրերը կվերականգնվեն Մատենադարանում Հայաստանի մասնագետների օգնությանմբ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը:

«Նախատեսվում է մի նոր խոշոր ծրագիր իրականացնել, որի հիմքերը դրվել են 2018 թվականին: Լիբանանից և Սիրիայից ձեռագրերի 9 վերականգնող ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ եկան Հայաստան, և Մատենադարանի մասնագետները մեկշաբաթյա դասընթաց կազմակերպեցին՝ որակավորման բարձրացման, գիտելիքների խորացման նպատակով: Ասեմ, որ մեր գործընկերները շատ գոհ էին արդյունքներից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար այն համարվեց հաջող ծրագրերից մեկը»,-ասաց Վահան Տեր-Ղևոնդյանը:

Արված աշխատանքի հիման վրա մի ավելի խոշոր ծրագրի հիմքերն են դրվել: Սիրիայում, Իրաքում վերջին տարիներին մշակութային արժեքները մեծապես վնասվել են, բավական տուժել են: Վահան Տեր-Ղևոնդյանի խոսքով, նախատեսվում է, որ Մատենադարանը դառնա տարածաշրջանային կենտրոն նման ձեռագրերի վերականգնման համար:

«Դրանք խումբ առ խումբ կբերվեն Հայաստան, կվերականգնվեն և կվերադարձվեն: Սա, կարծում եմ, կունենա ինչպես մշակութային, այնպես էլ քաղաքական նշանակություն: Ուրախությամբ ուզում եմ ասել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի միջև վերջերս կայացած հանդիպմանը ևս այդ հարցը քննարկվել է: Սպասում ենք ծրագրի վերջնական հաստատմանը»,-ասաց Մատենադարանի տնօրենը:

Աննա Գզիրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am