Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ հանդիպումից


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հունվարի 22-ին Դավոսում կայացած ոչ պաշտոնական հանդիպման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունվարի 23-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրենց երեք հանդիպումների քննարկման բովանդակությունը կապված է բանակցային գործընթացի պատմության հետ:

«Քննարկել ենք նաև հնարավորությունները, թե ինչ պայմաններ կան կարգավորման համատեքստում: Ոչ մի կոնկրետ դետալ չենք քննարկել, ընդամենը մտքեր ենք փոխանակել: Սա նաև ինչ-որ առումով մտքեր փոխանակելու, բանակցային գործընթացի ընկալումներին փոխադարձաբար ծանոթանալու հնարավորություն է: Ես ուզում եմ ընդգծել, որ քննարկումների հիմնական առանցքը այն ամենն է, ինչի մասին մենք խոսում ենք նաև հրապարակային»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով` իր և Ադրբեջանի նախագահի հանդիպումը նախատեսված չէր:

«Մենք ուղղակի այլ միջոցառման առիթն օգտագործեցինք: Այդպես ստացվեց, ես ուղղակի շատ կարևոր եմ համարում արձանագրել` այդպես ստացվեց: Դավոսի կազմակերպիչները,  իմանալով, որ երկուսս էլ այստեղ ենք, մեզ հարցրել են` արդյոք դեմ չենք հանդիպմանն ու շփմանը, մենք ասել ենք, որ ոչ և ոչ պաշտոնական հանդիպում ենք ունեցել, զրուցել ենք ու քննարկել: Այդ հանդիպման հիմքը եղել է այն պայմանավորվածությունը, որ ընդհանուր առմամբ, եթե նույն տեղում գտնվենք, առնվազն չխուսափենք որևէ շփումից»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ իր և Ալիևի հանդիպման մեջ դավադրություն փնտրել պետք չէ. երբ խոսում են երկու երկրների ղեկավարներ, նրանցից յուրաքանչյուրը խոսում է իր պետության շահերից:

Հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև Դավոսում  տեղի ունեցած մեկ ու կես ժամանոց հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am