Ազգային ժողովի առաջնահերթություններից մեկը պետք է լինի հարևան երկրների հետ խորհրդարանական կապերի ամրապնդումը


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության հիմնական ջանքերն ավանդաբար ուղղված լինելով ԵԽԽՎ-ում և եվրոպական այլ կառույցներում Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» բացասական հետևանքները չեզոքացնելուն, այլ ուղղություններով, մասնավորապես՝ սահմանակից երկրների հետ խորհրդարանական կապերի ակտիվացման գործում բավարար չափով աշխատանք չի իրականացվել:  

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջնահերթություններից մեկը պետք է լինի Հայաստանի հարևան երկրների՝ Իրանի և Վրաստանի հետ խորհրդարանական կապերի ակտիվացումը, ինչպես երկկողմ խորհրդարանական բարեկամության խմբերի հանդիպումների, այնպես էլ ԱԺ-ում գործող առանձին խմբակցությունների և անհատ պատգամավորների գործունեության միջոցով: 

Իրանի Իսլամական Հանրապետության պետական կառավարման համակարգում Մեջլիսը (խորհրդարան) առանձնահատուկ տեղ ունի և բավական արդյունավետությամբ կարողանում է հակակշռել գործադիր իշխանությանը: Օրինակ, Իրանի արտաքին գործերի նախարարն արտաքին քաղաքականության հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով հաճախ է հրավիրվում Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողով: Վերջերս վերոնշյալ հանձնաժողովում տեղի ունեցած հանդիպման ընթացքում պատգամավորներն ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆից Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների՝ Իսրայելի պաշտպանության նախարարի՝ Բաքու կատարած այցի ընթացքում արած հակաիրանական հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ են պահանջել:

Հետևաբար, Իրանի խորհրդարանը կարևոր դերակատարություն ունի նաև արտաքին քաղաքականության մշակման գործում:

Բացի այդ՝ կառավարության կողմից խորհրդարան բերվող օրինագծերը ոչ միշտ են դրական եզրակացության արժանանում պատգամավորների կողմից. հատկապես միջազգային համագործակցությանն առնչվող օրինագծերն ընդունվում են բավական լարված մթնոլորտում:

Թեև Հայաստանին առնչվող օրինագծերն ընդունվում են առանց որևէ լուրջ խոչընդոտների, սակայն երբեմն որոշ պատգամավորներ իրենց ելույթներում կասկածի տակ են դնում ՀՀ-ին առնչվող օրինագծերի ընդունման նպատակահարմարությունը: Օրինակ, այդպիսի միջադեպ արձանագրվեց 2018թ. ապրիլին, երբ Իրանի խորհրդարանում քննարկվում էր Արաքս գետի վրա համատեղ հիդրոէլեկտրակայան հիմնելու մասին օրինագիծը:

Անդրադառնալով Իրանի հետ խորհրդարանական կապերի ամրապնդմանը՝ նկատենք, որ այդ հարցում չափազանց կարևոր դերակատարություն են ունեցել և ունեն ԻԻՀ Մեջլիսի հայազգի երկու պատգամավորները (ներկայում գործող պատգամավորներն են՝ Կարեն Խանլարյանը և Ժորժիկ Աբրահամյանը), սակայն հասկանալի պատճառներով որոշ հարցերում նրանց գործունեությունը սահմանափակված է, և այստեղ է, որ պետք ակտիվություն ցուցաբերեն ՀՀ խորհրդարանականները և փորձեն ամուր կապեր հաստատել Իրանի խորհրդարանի ազդեցիկ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչնեի հետ, դրանք կլինեն բարեփոխական, պահպանողական, թե ԻԻՀ թյուրքախոս նահանգները ներկայացնող խմբակցության պատգամավորները:

Իրանում խորհրդարանական հերթական ընտրությունները տեղի են ունենալու 2020թ. փետրվարին: 290 անդամից բաղկացած Մեջլիսի ազդեցիկ պատգամավորների նշանակալի մասն ամենայն հավանականությամբ կվերընտրվի: Ներկայում ԻԻՀ խորհրդարանի Իրան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարն է Ռամեզանալի Սոբհանի Ֆարը, որը միևնույն ժամանակ համակարգում է Իրան-Ռուսաստան և Իրան-Բելառուս պատգամավորական բարեկամական խմբերը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի՝ 2018թ. սեպտեմբերին Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում երկկողմ հարաբերությունները մի շարք կարևոր ոլորտներում զարգացնելու վերաբերյալ հնչեցին հստակ ուղերձներ: Ուստի Իրանի և Հայաստանի միջև իրականացվող նախագծերն ավարտին հասցնելու և երկու երկրների ղեկավարների նախանշած ոլորտներում նոր ծրագրեր իրականացնելու գործում կարևոր դերակատարություն կարող է ունենալ նաև Ազգային ժողովը:

Իրանցի խորհրդարանականների հետ սերտ կապեր հաստատելու միջոցով ոչ միայն ԻԻՀ գործադիր իշխանության մոտ կարելի է ընդգծել Իրանի տարածաշրջանային քաղաքականության մեջ Հայաստանի կարևորությունը, այլև այդ կապերի շնորհիվ չեզոքացնել Հայաստանին և Արցախին սպառնացող այնպիսի գործընթացներ, որոնք ուղղակի և անուղղակի աջակցություն են ստանում Ադրբեջանի կողմից:

Արմեն Իսրայելյան

 

  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am