Պաշտպանն առաջարկներ է ներկայացրել մատչելի բնակարան զինծառայողներին ծրագրի վարկավորման կարգի և պայմանների վերաբերյալ

Armenpress 10:34, 23 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է կարծիք՝ «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: 

Նախագծով սահմանվում են սպայական կազմի զինծառա­յողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկա­վոր­ման կարգը և պայմանները:

Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է նախատեսել, որ անօրինական կերպով ծառայությունից արձակված զինծառայողը ծառայության վերականգնման դեպքում շարունակի օգտվել պետության կողմից վարկի տոկոսի սուբսիդավորման և եկամտահարկի վերադարձման պայմաններից:

Առաջարկվել է նաև հստակեցնել պետության կողմից վարկի սուբսիդավորման չափը, ինչպես նաև դիմում-հայտի համար ներկայացվող պահանջները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am