Ավելի քան 100 նախկին դիվանագետներ Սի Ցզինպինին խնդրել են ազատել Կանադայի երկու քաղաքացիներին. CTV

Armenpress 11:13, 22 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների ավելի քան 100 նախկին դիվանագետներ եւ գիտական հանրակցության ներկայացուցիչներ նամակ են գրել ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին՝ Կանադայի երկու քաղաքացիներին ազատ արձակելու խնդրանքով, որոնց դեկտեմբերին ձերբակալել են Չինաստանում: Հունվարի 21-ին այս մասին հայտնել Է CTV հեռուստաալիքը:

«Ես կարծում եմ, որ դա (նամակը) կդառնա ուղերձ Չինաստանին, որպեսզի նրանք ուշադրություն դարձնեն այն բանին, որ իրենց գործողությունները (կանադացի քաղաքացիների ձերբակալման) այսպիսի միջազգային արձագանք են հարուցել»,- հեռուստաալիքին հայտարարել Է ՉԺՀ-ում Կանադայի նախկին դեսպան Գի Սեն Ժակը: «Դա մարդկանց բավականին պատկառելի ցուցակ Է»,- հավելել Է նա՝ ճշտելով, որ նամակը գերել են, մասնավորապես, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի նախկին ղեկավար (1995 – 1997) սըր Մալքոլմ Ռիֆքինդը եւ Ավստրալիայի ԱԳՆ-ի նախկին ղեկավար (1988 – 1996) Գարետ Էվանսը, ինչպես նաեւ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի (ԱՄՆ) ներկայացուցիչները:

2018 թվականի դեկտեմբերի սկզբին Օտտավայի եւ Պեկինի միջեւ ծագել են դիվանագիտական տարաձայնություններ՝ կապված դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի պահանջով Վանկուվերում Չինաստանի Huawei ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի ձերբակալման հետ, ում դատարանը դեկտեմբերի 11-ին գրավով ազատ Է արձակել: Ավելի ուշ ՉԺՀ-ի իշխանությունները Պեկինում ձերբակալել են կանադացի նախկին դիվանագետ, «Միջազգային ճգնաժամային խումբ» ոչ կառավարական կազմակերպության աշխատակից Մայքլ Քովրիգին, իսկ այնուհետեւ հայտնել են Չինաստանի Դանդունում կանադացի գործարար Մայքլ Սփեյվորի ձերբակալման մասին: Նրանց մեղադրում են այնպիսի գործողություններ կատարելու մեջ, որոնք սպառնալիք են ներկայացնում Չինաստանի ազգային անվտանգությանը: Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն այս հարցում ապահովել Է շուրջ տասը պետությունների, այդ թվում՝ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ ԱՄՆ-ի ղեկավարների պաշտպանությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am