Կալիֆոռնիայից սենատոր Քամալա Հարիսը ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրություն է հայտնել

Armenpress 17:56, 21 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կալիֆոռնիայի նահանգից դեմոկրատ-սենատոր Քամալա Հարիսը հունվարի 21-ին հայտարարել Է 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցելու մտադրության մասին:

«Ես իմ թեկնածությունը կառաջադրեմ նախագահի պաշտոնի համար: Եկեք դա միասին անենք»,-գրել Է նա իր Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի մյուս հավանական թեկնածուների թվում փորձագետները նշում են Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենին, նախկին կոնգրեսական Բեթո Օ՛Ռուրքին, Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսին, որը նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ մրցակցել Է 2016 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուի առաջադրման համար, Նյու Ջերսիի նահանգից սենատոր Քորի Բուքերին, Մինեսոտայի նահանգից սենատոր Էմի Քլոբուշարին:

Առաջիկա նախագահական ընտրարշավի շրջանակներում կուսակցական ակտիվիստների առաջին ժողովները 2020 թվականի փետրվարին տեղի կունենան Այովայի նահանգում: Դեմոկրատական կուսակցության համագումարը, որտեղ պաշտոնապես թեկնածու կառաջադրվի նախագահի պաշտոնի համար, կկայանա 2020 թվականի հուլիսի 13-16-ին: Համագումարն իրենց մոտ ընդունելու իրավունքին հավակնում են Մայամի-Բիչը (Ֆլորիդայի նահանգ), Միլուոքին (Վիսկոնսինի նահանգ) եւ Հյուսթոնը (Տեխասի նահանգ): Հանրապետականներն իրենց համագումարը կանցկացնեն 2020 թվականի օգոստոսի 24-27-ին Շառլոթ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ): ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am