Դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին

Armenpress 14:37, 18 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը հունվարի 17-ին  հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Թոմաս Գրեմինգերը, շնորհավորելով Արմեն Պապիկյանին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ դեսպան Պապիկյանի անցած ուղին լավագույնս կնպաստի ձևավորված համագործակցության վերընթաց զարգացմանը։ Բարձր գնահատելով Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ Թոմաս Գրեմինգերը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը Հայաստանին հետագա բարեփոխումների գործընթացում։

Շնորհակալություն հայտնելով Թոմաս Գրեմինգերին ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Պապիկյանը հավաստիացրել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին, որ Հայաստանը հետայսու ևս կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը ԵԱՀԿ բոլոր մարմիններում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր  են փոխանակել ԵԱՀԿ օրակարգային հարցերի լայն շրջանակի շուրջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am