Էդմոն Մարուքյանը կառավարությանը հորդորում է ԱԺ պատգամավորներին երկար չսպասեցնել

Armenpress 13:08, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կառավարությանը հորդորում է հնարավորինս շուտ ԱԺ ներկայացնել կառավարության կառուցվածքը փոփոխելու հարցի վերաբերյալ նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին Մարուքյանը հայտնեց հունվարի 17-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ես ԱԺ նախագահից եմ հետաքրքրվել, ասում է, որ չեն ուղարկել նախագիծը: Որքանով որ հասկանում եմ՝ կառավարությունն իրավունք ունի նախագիծը դեռևս չուղարկել: Այս նիստը կընդհատվի, երբ հանձնաժողովների նախագահները կընտրվեն, և այնուհետև կվերսկսվի կառավարության ծրագիրը ստանալուց հետո»,- ասաց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանն, այնուամենայնիվ, գործադիրին հորդորեց երկար չսպասեցնել պատգամավորներին:

«Կառավարության մեր գործընկերներին ես հորդորում եմ հնարավորինս շուտ նախագիծն ուղարկել խորհրդարան, որովհետև մենք պետք է ժամանակ ունենանք պատրաստվելու և հասկանալու, թե ինչ տեսլական ունի նոր կառավարությունը իր կառուցվածքի վերաբերյալ, որը, կարծում եմ, բացի կրճատումներից, պետք է ենթադրի նաև սուպերվարչապետական համակարգի վերափոխում: Հետևաբար, պահանջում եմ, որպեսզի նախագիծը շուտ ուղարկեն խորհրդարան»,- նշեց նա:

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգում կառավարության կառուցվածքը փոփոխելու հարցը ներառված է, բայց դրա վերաբերյալ նախագիծը դեռ ԱԺ չի ներկայացվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am