ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Շարժայի ժառանգության ինստիտուտ

Armenpress 12:03, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է նաև Շարժայի ժառանգության ինստիտուտ (Sharjah Institute for Heritage) և հանդիպել ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, տիկին Նունե Սարգսյանը շրջել է ինստիտուտում, ծանոթացել հին գրքերի ու հնագույն ձեռագրերի վերականգնման աշխատանքներին: Տիկին Սարգսյանն ասել է, որ Հայաստանն այս ոլորտում ունի լավ մասնագետներ և Շարժայի ժառանգության ինստիտուտը կարող է հաջողությամբ համագործակցել Երևանի Մատենադարանի հետ։

Հանդիպմանը քննարկվել է նաև Շարժայի ավանդական ամենամյա մշակութային փառատոնին Հայաստանի մասնակցության հարցը, որտեղ հնարավոր կլինի ներկայացնել մեր երկրի պատմամշակութային ժառանգությունը, մասնավորապես, ազգային ավանդույթները, տարազը, պարերը, խոհանոցը։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am