Հունվարի 17-ին սպասվող իրադարձությունները

Armenpress 09:30, 17 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Կհաստատվեն ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը: Հարցը ներառված է այսօր՝ հունվարի 17-ին, կայանալիք ՀՀ կառավարության նիստի օրակարգում:

Շարունակվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցը Արաբական Միացյալ Էմիրություններ:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված 7-րդ գումարման խորհրդարանը կշարունակի աշխատանքը: Օրակարգում մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն է:  

Սուր շնչառական հիվանդությունների հետ կապված իրավիճակը մասնագետների քննարկման առանցքում է: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը կանդրադառնա խնդրին, ինչպես նաև ռիսկի խմբերի հետ կապված կանխարգելիչ միջոցառումներին:

Խորեոգրաֆիայի պետական թատրոնի նոր տնօրենի ընտրության վերաբերյալ խնդիրը հանգուցալուծում չի ստանում: Նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը և այլք, հրավիրված ասուլիսում կներկայացնեն իրենց տեսակետները: Նշենք, որ Գայանե Կարապետյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է դեկտեմբերի 28-ին և այն չի երկարացվել: ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի որոշմամբ նշանակվել է նոր տնօրեն, ինչին դեմ է նախկին ղեկավարը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am