Ոստիկանները հայտնաբերել են 42,3 մլն դրամ յուրացնելու մեղադրանքով հետախուզվող կնոջը 

Armenpress 19:44, 15 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները հունվարի 13-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել 2017 թվականի հունիսից առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով հետախուզվող Նելլի Հարությունյանին։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նախնական տվյալներով՝ 38-ամյա Հարությունյանը, զբաղեցնելով բանկերից մեկի Եղեգնաձորում գործող մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը, 2016-ի հունիսից մինչև 2017-ի հունիս բանկոմատի լիցքավորման և լիցքաթափման գործընթացներն իրականացնելիս մաս-մաս յուրացրել է 42 մլն 316 հազար դրամ։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչ Նելլի Հարությունյանին ոստիկանները ներակայացրել են դեպքի նախաքննությունը վարող քննչական բաժին՝ հարցաքննության։ 

Հանգամանքները պարզվում են։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am