Արա Բաբլոյանը Արարատ Միրզոյանին է փոխանցել խորհրդարանի ղեկավարումը

Armenpress 18:34, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական աշխատանքում ձեւավորվել է նոր մշակույթ, որի համաձայն էլ հունվարի 14-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո Արարատ Միրզոյանի հետ հանդիպել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Հանդիպմանը խորհրդարանի նախկին ղեկավարն արդեն ԱԺ նախագահի պաշտոնն ստանձնած Արարատ Միրզոյանին է փոխանցել օրենսդիր մարմնի հետագա ղեկավարումը՝ մաղթելով հաջողություններ: Արա Բաբլոյանը կարեւորել է օրենսդիր մարմնում նորընտիր ղեկավարի պարտականությունների լիարժեք իրականացումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, երախտագիտություն հայտնելով շնորհավորանքի եւ բարեմաղթանքների համար՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արա Բաբլոյանին՝ դժվարին ժամանակահատվածում Ազգային ժողովի բնականոն գործունեությունն ապահովելու համար, կարեւորել խորհրդարանում ձեւավորված դրական ավանդույթների շարունակականության ապահովումը, նորերի ձեւավորումն ու զարգացումը:

Արա Բաբլոյանը խորհրդարանի ղեկավարին ծանոթացրել է նաեւ Ազգային ժողովի նախագահի աշխատանքային պայմաններին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am