«Դիլեմա» «Երփեք»-ի և «Երփեմն»-ի հատման կետում. Անահիտ Ղազախեցյանի «Նորամուտ»-ը  


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նրա կյանքում ճակատագրական դեր խաղաց «Փազլը»։ Հետո հայտնվեց «Երփեք»-ի և «Երփեմն»-ի բաժանված «Դիլեման», որը ծնվել էր շատ կարճ ժամանակում։

«Արմենպրես»-ի հեղինակային «Նորամուտ» նախագծի հերոս 19-ամյա բանաստեղծը դիլեմա է համարում ոչ միայն իր գործերը, այլև ինքն իրեն..

Մեր հերոսն Անահիտ Ղազախեցյանն է, ով ընդամենն օրեր առաջ ընթերցողի դատին հանձնեց իր բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն: Այն տպագրվել էր ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Գրական հանդեսներում իր գործերով հետաքրքրություն առաջացրած և «Տարվա հայտնություն» մրցանակին արժանացած Անահիտը պատմում է առաջին քայլերի, մարզում գրականության պակասի, դիլեմայի ու կինոյի ասպարեզ մուտք գործելու նպատակի մասին։

Ղազախեցյան ազգանունն ու Անահիտը

Տոհմս Ղազախեցյան ազգանունն է կրում, քանի որ ապրել են ներկայիս Ադրբեջանի Ղազախի շրջանում: Հետագայում պապիկիս պապիկը տեղափոխվել է Ղարաքիլիսա՝ ներկայիս Վանաձոր: Ես Վանաձորում եմ ծնվել։ 1999 թվականի դեկտեմբերի 26-ին: Լավ է, որ 2000 թվականին չեմ ծնվել: Ինձ դուր է գալիս նախորդ հազարամյակը: Դուր է գալիս այն միտքը, որ նախորդ հազարամյակում եմ ծնվել, թեկուզ՝ 5 օրվա տարբերությամբ: 17,5 տարի ապրել եմ Վանաձորում, այնուհետև տեղափոխվել Երևան. հիմա մայրաքաղաքում եմ ապրում: Սովորում եմ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

Բանաստեղծ-միջազգայնագետը

Միշտ մտածել եմ, որ սիրած բաները պետք չէ մասնագիտություն դարձնել: Ուզում էի լրագրություն, ռեժիսուրա, հանրային կապեր կամ էլ իրավագիտություն սովորել:  Ի վերջո, ընտրեցի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Այստեղ ինչ-որ ազատություն կա: Շատ բան ես սովորում, ինչն ինձ դուր է գալիս: Դիվանագետի դերում ինձ չեմ տեսնում: Ուզում եմ որպես գիտնական խորանալ միջազգայնագիտության ասպարեզում:

Մտածում եմ՝ հետագայում նաև կինոյի ասպարեզում առաջ գնալ, վավերագրական ֆիլմ էլ եմ հասցրել նկարել: Բայց՝ խաղարկային կինոյում եմ ինձ տեսնում:

Առաջին քայլեր

Շատ փոքր տարիքում էի տառերը սովորել: Մեր տանը շատ գրքեր կան. մայրիկս բանասեր է: Բանաստեղծություններ էի սիրում կարդալ, որովհետև ծավալուն չէին: 7-8 տարեկան էի, բանաստեղծություն գրեցի: Հետո սկսեցի ինչ-որ թեթև բաներ գրել: Առաջին լուրջ տպագրված գործս «Փազլ» բանաստեղծությունն էր: 16 տարեկանու գրեցի: «Գրանիշ»-ի առաջին շարքիս վերնագիրն էլ է այդպես եղել, այն «Գարուն»-ում էլ է տպագրվել: Հարցնում էին՝ բա ինչո՞ւ գրքի անունն էլ «Փազլ» չես դրել: Ինչո՞ւ: Երբեք չեմ մտածել, որ գրքի խորագիրը կարող է բանաստեղծության անունով լինել:

…Ժամանակին Բորխեսն իմ ամենասիրելի հեղինակն է եղել: Բորխեսին շատ եմ սիրել: Ասում են, որ իմ որոշակի շրջանի բանաստեղծությունների վրա նկատվում է Բորխեսի շունչը:

Ես էլ եմ դիլեմա…

«Դիլեմա» անվանումն իմ բանաստեղծությունների առաջին գրքի համար պատահաբար ընտրեցի: ՀՀ մշակույթի նախարարությունը գրքերի հրատարակության մրցույթ էր հայտարարել: Աշոտ Գաբրիելյանը՝ գրքիս խմբագիրը, զանգահարեց ու առաջարկեց մասնակցել մրցույթին: Ասաց՝ վերնագիր մտածիր: Երկու ժամ մտածեցի և առաջարկեցի «Դիլեմա» անունը:

«Դիլեմա»-ն ինձ համար այն ամենն է, ինչ գրքում կա: Մարդկանց, թեմաների տարբերությունը, գույները: Ես ամեն օր արթնանում եմ ու հասկանում, որ ինքս էլ դիլեմա եմ:

Եթե ոչ «Դիլեմա», ապա գիրքը «Ծովք» կանվանեի: Դիլեման բաժանված է երկու մասի՝ «Երփեք» և «Երփեմն»: Այստեղ տառասխալ չկա. երփ-ը գույնի իմաստով եմ կիրառում: Դրանք իրենց հերթին ենթաբաժինների՝ ծով-երի են բաժանվում, որոնք ուղեկցվում են դասական ստեղծագործությունների անվանումներով:

Գրքի շապիկն էլ ես եմ նկարել: Պատահական է ստացվել: Չգիտեի՝ որ նկարել գիտեմ: Շենքեր շատ եմ սիրում: Շապիկին երկու շենք է ու նաև թելերի վրա կախված երազանքներ, նավակներ…

Ինքնատիպ մրցանակը

2017 թվականին «Գրանիշը» ինձ «Տարվա հայտնություն» անվանեց: Ես ընդամենը մեկ շարք ունեի «Գրանիշ»-ում՝ «Փազլ»-ը: Ինձ համար անակնկալ էր: Այնքան հաճելի էր: Սովորական բան չէր. գնահատված լինելու զգացողություն ունեի:

Մարզում ապրելու դժվարությունը

Մարզում ապրելու դժվարությունն առաջին հերթին ժամանակակից գրականության բացակայությունն է: Մենք այնտեղ նորմալ գրախանութ չունենք: Կար մի գրախանութ, որը բացվել էր, հետո փակվեց: Պետք է ստիպված գաս Երևան և այստեղից գնես անհրաժեշտ գրականությունը կամ խնդրես, որ ինչ-որ մեկը քեզ համար գրքեր բերի:

Երևանում հնարավորություններն անհամեմատելի ավելի մեծ են...

Բայց ես չէի ցանկանա այլ տեղ ծնվել: Վանաձորի օդն ու մթնոլորտը շատ կարևոր են եղել ինձ համար: Մի կողմից՝ ինչ-որ ընկճախտի մթնոլորտ է տիրում մեր քաղաքում: Երեկոյան 6-ից հետո փողոցներում մարդ չես տեսնի: Բայց մյուս կողմից՝ շատ գեղեցիկ շենքեր կան...

Ոլորտի խնդիր

Հայաստանում բոլոր տարիքի գրողների համար բազում խնդիրներ կան: Ինձ ամենաշատը անհանգստացրել է էյջիզմը (տարիքի հիման վրա անհատների կամ խմբերի նկատմամբ կարծրատիպ և խտրականություն-հեղ.): Բախվել եմ այդ խնդրին, բայց անցել է այդ շրջանը: Պահ է գալիս, երբ տարիքդ չպետք է ասես…

Չգիտեմ՝ թե ո՛ր առավոտն էր, երբ արթնացա ու զգացի, որ տարիքիցս ավելի հասուն եմ: Բայց երբեմն մտածում եմ՝ բա հետո ի՞նչ է լինելու: Առաջին գիրքը եղավ: Հետո ի՞նչ կլինի …

Արձակ ստեղծագործել ու կարդալ էլ եմ շատ սիրում: Հիմա գրում եմ նաև արձակ գործեր: 2018-ին  «Դար»  ակումբի կազմակերպած «Թավշյա հեղափոխություն. ինձ բացակա չդնեք» մրցույթում գրավեցի առաջին տեղը՝ «Ներանձնական հեղափոխություն» արձակ գործով:

Նոր գրքի հետ կապված դեռ ծրագիր չկա. շարունակելու եմ ստեղծագործել…

Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am