ԱԺ-ն հաստատեց հաշվիչ հանձնախմբի կազմը

Armenpress 11:42, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Յոթերորդ գումարման Ազգային ժողովը հաստատեց հաշվիչ հանձնախմբի կազմը: «Իմ քայլը» խմբակցությունը հանձնախմբում կունենա  5, իսկ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները` մեկական անդամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ը հանձնախմբի ստեղծման կարգի վերաբերյալ որոշումը  քվեարկությամբ ընդունվեց 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում:

Հանձնախմբի ձևավորման կարգի վերաբերյալ որոշմանը կողմ քվեարկեց 72, դեմ` 1 պատգամավոր:

«Իմ քայլը» խմբակցությունից հանձնախմբում են Վահագն Հովակիմյանը, Արփինե Դավոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Քրիստինե Պողոսյանը, Մարիա Կարապետյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից` Աննա Կոստանյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից` Շաքե Իսայանը:

Նիստը նախագահող Կնյազ Հասանովն անդամներին առաջարկեց նիստ գումարել և ընտրել հանձնախմբի նախագահ ու քարտուղար:

2018-ի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել «Իմ քայլը» դաշինքը` 88, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 26 և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը`18 մանդատով:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am