Ռազմական ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում զինակոչիկների ավտոբուսի հետ կապված միջադեպի առթիվ

Armenpress 17:20, 8 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը դատապարտում է զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը և հայտնում, որ ռազմական ոստիկանությունը միջադեպի հետ կապված համապատասխան նյութեր է նախապատրաստում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք: Կատարվածն անթույլատրելի է: ՀՀ ՊՆ ՌՈ-ը համապատասխան նյութեր է նախապատրաստում»,- գրել է Հովհաննիսյանը:

Armtimes.com կայքը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք կանգնեցրել զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը, ոտքերով հարվածել ավտոբուսի դռներին, հայհոյանքներ հնչեցրել, ինչից հետո քաշքշուկ է սկսվել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am