Դեսպան Արմեն Պապիկյանն Ավստրիայի արտաքին գերատեսչությունում հանձնել է հավատարմագրերի պատճենը

Armenpress 14:48, 7 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 4-ին Ավստրիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի դաշնային նախարարության արարողակարգային ծառայության ղեկավար Էննո Դրոֆենիկին (Enno Drofenik):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Էննո Դրոֆենիկը շնորհավորեց Արմեն Պապիկյանին Ավստրիայում Հայաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով արդյունավետ և բեղմնավոր աշխատանք:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները համառոտ մտքեր փոխանակեցին հայ-ավստրիական հարաբերությունների հետագա ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ՝ կարևորելով նաև համագործակցության զարգացումը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ նաև բարձրաստիճան փոխայցելությունները:

Դեսպան Պապիկյանը վստահություն հայտնեց, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում երկուստեք առկա ներուժի վերհանումը լավագույն հնարավորությունն է խթանելու երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունն ամենատարբեր բնագավառներում։ Այդ համատեքստում դեսպան Պապիկյանը բարձր գնահատեց նաև ավստրիական կառավարության շարունակական աջակցությունը Հայաստանի զարգացման ծրագրերին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am