ՀՑԹԻ հիմնադրամը մեկնարկում է 2019թ. Ռաֆայել Լեմկինի անվանական կրթաթոշակը

Armenpress 10:29, 26 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է իրավագետ Ռաֆայել Լեմկինի անվան 2019 թ. հետազոտական կրթաթոշակային ծրագրի մեկնարկը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակը նպատակ ունի ընդլայնել Հայոց ցեղասպանության մասին ուսումնասիրությունները, խթանել թեմայի բազմակողմանի հետազոտությունը և ներգրավվել երիտասարդ գիտնականների:Ծրագիրը հնարավորություն կտա մինչև 40 տարեկան օտարերկրյա մեկ ասպիրանտի կամ երիտասարդ գիտնականի, որոնք մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում և աշխատում են դոկտորական թեզի վրա, մեկ ամիս անցկացնել Հայաստանում` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի արխիվում, ինչպես նաև ՀՀ այլ գիտական հաստատություններում և գրադարաններում գիտահետազոտական ուսումնասիրություններ իրականացնելու համար: Դրամաշնորհի տևողությունը մեկ ամիս է:Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոգալու է երկկողմանի ճանապարհորդության, կացարանի և օրապահիկի ծախսերը: Հայցադիմումների ներկայացման վերջնաժամկետը 2019 թ. փետրվարի 15–ն է:Հաղթող դիմորդը հայտնի կդառնա 2019 թ. մարտի 1-ին: Ծրագրի ավարտին դիմորդը պարտավոր է հանդես գալ զեկույցով և ներկայացնել մեկ ամսվա ընթացքում կատարած աշխատանքի ամփոփումը: Ծրագրի շրջանավարտը պարտավորվում է նաև ծրագրի ավարտից հետո՝ մեկ տարվա ընթացքում, գիտական հոդվածի տեսքով ներկայացնել իր կատարած ուսումնասիրությունների արդյունքը: Հոդվածը կարող է հրատարակվել ՀՑԹԻ կողմից լույս տեսնող International Journal of Armenian Genocide Studies գիտական ամսագրում:Հաղթող դիմորդի հետ ծրագրի ընթացքում կազմակերպվելու է կլոր-սեղան քննարկում ոլորտի հայաստանյան մասնագետների և ՀՑԹԻ գիտաշխատողների հետ: Ծրագրի մեկնարկը 2019 թ. ապրիլի 1: Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել` - ինքնակենսագրություն,- ուսումնասիրության համառոտ նկարագիր, - հրատարակած աշխատությունների ցանկ (առկայության դեպքում), - համալսարանական երկու դասախոսների հանձնարարական, - դիմումաձև:Հաղթողին որոշելու է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտական խորհուրդը: Ռաֆայել Լեմկինի անվան կրթաթոշակը հիմնադրվել է 2010 թ., մինչ օրս ունեցել է 12 հաղթող: Մանրամասների համար այցելել՝ https://www.genocide-museum.am/arm/Lemkin-Alumni.php Ռաֆայել Լեմկինի մասին

Իրավագետ Ռաֆայել Լեմկինը (1900-1959 թթ.) ստեղծել է «ցեղասպանություն» եզրույթը, ինչպես նաև մասնակցել է 1948 թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի կազմմանը: 

Իր ահռելի գիտական ժառանգության մեջ Լեմկինը հատուկ տեղ է հատկացրել նաև Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը: Դեռևս պատանի հասակում Ռաֆայել Լեմկինի վրա մեծ տպավորություն էին թողել 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները: Լվովի համալսարանում ուսանելիս նա տեղական թերթից տեղեկանում է Սողոմոն Թեհլիրյանի կողմից Բեռլինում Օսմանյան կայսրության ներքին գործերի նախկին նախարար Թալեաթ փաշայի սպանության մասին: Հայոց ցեղասպանությունն իրագործած թուրք հանցագործների անպատիժ մնալու հանգամանքն անհանգստություն է առաջացնում Լեմկինի մոտ: Լեմկինը որոշում է խորանալ միջազգային իրավունքի ասպարեզում՝ մասնագիտանալով մարդկության դեմ հանցագործությունների ուսումնասիրության գործում: Չգտնելով ցեղասպանությունը կանխելու և այն իրագործող հանցագործներին պատժելու համապատասխան միջազգային նորմեր՝ նա ինքն է ձեռնամուխ լինում այդ նորմերի ստեղծման գործին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am