Արա Բաբլոյանը լիազորություններն ավարտելու նախաշեմին հանդիպումներ է ունեցել ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ

Armenpress 12:16, 25 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Ազգային ժողովի նախագահի լիազորությունների ավարտման նախաշեմին հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպումների ընթացքում կարեւորվել է օրենսդիր մարմնի դերակատարությունը կառավարման խորհրդարանական համակարգին անցած երկրի առաջընթացի գործում, մասնավորապես օրենսդրական դաշտի կատարելագործման, վերահսկողական գործառույթների իրականացման, քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության կայացման, օրենսդրական գործունեության թափանցիկության ապահովման, հաշվետվողականության ու օրինաստեղծ գործընթացներում հանրության մասնակցության ընդլայնման ուղղությամբ:

Ամփոփվել ու արժեւորվել են 6-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովի օրինաստեղծ գործունեությունը, միջազգային հարթակներում ու խորհրդարանական կառույցներում իրականացված աշխատանքը:

Կողմերը հույս են հայտնել, որ նորընտիր Ազգային ժողովը կշարունակի ձեւավորված խորհրդարանական ավանդույթները` նոր լիցք ու որակ հաղորդելով օրենսդիր մարմնի գործունեությանը: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am