ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակից գազի սակագնի թանկացման վերաբերյալ նամակ չի ստացել

Armenpress 13:21, 20 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե Հայաստանի կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակից նամակ է ստացել, որի համաձայն հունվարի 1-ից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը 150 դոլարից դառնալու է 215 դոլար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Ռուսական գազի գնի հետ կապված տեղեկացնում ենք հետևյալը. Այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին: ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, նման նամակ գոյություն չունի: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել է բանակցությունների ընթացքի ձևաչափը և հետագա փուլերը: Այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության և փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել»,- գրել է Վահան Հունանյանը:

Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակից նամակ է ստացել, որում նշված է, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, և դա քննարկման ենթակա չէ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am