Ժողովրդավարության վերադարձ. Washington Post-ը՝ Հայաստանում քաղաքական փոփոխությունների մասին

Armenpress 14:46, 19 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան հեղինակավոր The Washington Post պարբերականը «Երեք երկիր, որտեղ 2018 թվականին ժողովրդավարությունը փաստացի վերադարձել է» խորագիրը կրող հոդվածում անդրադարձ է կատարել նաև Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պարբերականն ընդգծում է, որ 2018թ. Հայաստանը դրամատիկ շրջադարձ կատարեց: 

«Երբ նախագահ Սերժ Սարգսյանը 10 տարի իշխանության գլխին լինելուց հետո նախաձեռնեց իշխանությունը պահպանելու գործընթաց սահմանադրական փոփոխություններ իրականացնելու և վարչապետ դառնալու ճանապարհով,  ակտիվիստ դարձած լրագրող Նիկոլ Փաշինյանը օգտագործեց ժողովրդի զայրույթը, որպեսզի արմատապես փոխի երկրի ուղղությունը: Փաշինյանը քայլերթ իրականացրեց, որին հետևեցին բողոքի  զանգվածային ցույցերը, որոնք պարալիզացրել էին երկիրը մինչ այն պահը, երբ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրած խորհրդարանը «փափկեց»: Հայաստանի ժողովրդի իշխանությունը ստիպեց Սարգսյանին հրաժարական ներկայացնել և համոզեց օրենսդիրներին վարչապետ ընտրել Նիկոլ Փաշինյանին: Սակայն ամեն ինչ դեռ առջևում էր»,- գրում է հոդվածագիրը: 

Այնուհետև հոդվածագիրն անդրադառնում է Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի արդյունքներով Փաշինյանի ղեկավարած դաշինքը հավաքել է ընտրության մասնակիցների ձայների ավելի քան 70 տոկոսը: «Նախորդ իշխող կուսակցությունը՝ Հանրապետականը  նույնիսկ չհաղթահարեց խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ նվազագույն 5 տոկոսի շեմը: Հենվելով վստահության այդ քվեի վրա՝ Փաշինյանը համընդհանուր հակակոռուպցիոն արշավ է սկսել»,- ասված է հոդվածում: 

Հոդվածում որպես ժողովրդավարության վերադարձ արձանագրած երկրներ են նշվում Եթովպիան և Պերուն:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am