Հենրիկ Սիրավյանի հայտնի և չցուցադրված աշխատանքները ներկայացվեցին «Իմ աղոթքը Հայաստանի մասին» ցուցահանդեսում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական լեռնաշխարհն իր ամբողջ գեղեցկությամբ պատկերված է գեղանկարիչ Հենրիկ Սիրավյանի «Արարատ», «Քասախի կիրճը», «Հնադարյան թթենի», «Գառնիի ձորը և հին կամուրջը» և մի շարք այլ կտավներում, որոնք ներկայացված են «Իմ աղոթքը Հայաստանի մասին» խորագրով հոբելյանական ցուցահանդեսում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսը բացվեց դեկտեմբերի 18-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Այն կգործի մինչև փետրվարի 3-ը:
«Այստեղ ցուցադրված է 70 կտավ մեր ընտանեկան հավաքածուից»,- նշեց նկարչի ավագ որդին` Դավիթ Սիրավյանը:
Անդրադառնալով Հենրիկ Սիրավյանի և մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի ծանոթությանը` նա պատմեց, որ Սարյանը Մոսկվայի համամիութենական ցուցահանդեսում է տեսել Սիրավյանի «Առավոտը Բջնիում» կտավը և Սիրավյանի հետ հանդիպելու ցանկություն հայտնել: «Երևանում են ծանոթանում, և Սարյանը հորս առաջարկում է աշխատել իր հետ: Ութ տարի Սիրավյանն աշակերտում է Սարյանին»,- ասաց Դավիթ Սիրավյանը:
Նրա խոսքով` իր հայրը սկզբնական շրջանում կրել է Սարյանի ազդեցությունը, սակայն հետագայում ձերբազատվել է դրանից: «Կարծում եմ` նրա վերջին կտավները շատ տարբեր են: Սիրավյանի ուժը հենց այն է, որ ինքը, կրելով մեծանուն վարպետի ազդեցությունը, կարողացել է պահպանել իր ինքնությունը, անհատականությունը»,- շեշտեց նկարչի որդին:
Արվեստագիտության դոկտոր Լևոն Չուգասզյանի խոսքով` ցուցադրված նկարները Սիրավյանի աշխարհն են, ցույց են տալիս, թե ինչպես էր նկարիչը տեսնում Հայաստանը, կյանքը, ինչպիսի Հայաստան էր բացահայտում մեզ համար: «Երբ մենք կարևորում ենք որևէ նկարչի, ուզում ենք հասկանալ, թե որքանով է նա յուրատիպ, որքանով է տարբերվում մյուսներից: Թվում է, թե իսկապես շատ դժվար է տեսնել մի նոր Հայաստան Մարտիրոս Սարյանի համայնապատկերներից հետո, Սարյանի մտավորականների դիմանկարներից հետո, Հակոբ Հակոբյանի ստեղծած բնապատկերներից հետո, բայց Սիրավյանին հաջողվեց ունենալ իր Հայաստանն ու այն հասցնել մեզ»,- շեշտեց Չուգասզյանը:
Հենրիկ Սիրավյանը ծնվել է Երևանում: 1948 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժնում: Մասնակցել է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Պորտուգալիայում, Դանիայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Իտալիայում և այլ երկրներում:
1954-55 թվականներին Լիդիա Դուռնովայի գլխավորությամբ նկարիչների խմբի հետ մասնակցել է Էջմիածնի Մայր տաճարի որմնանկարների վերականգնման աշխատանքներին: Աշխատել է Մարտիրոս Սարյանի արվեստանոցում: Նրա էսքիզներով իրականացրել «Հայաստան» ապակենկարը, Գ.Սունդուկյանի անվան թատրոնի ճեմասրահի «Հայաստան» պաննոն, Հայֆիլհարմոնիայի Փոքր դահլիճի ճեմասրահի «Հայաստան» եռամաս վիտրաժը:
Նրա ստեղծագործությունները գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում, Սանկտ Պետերբուրգի, Կիևի և այլ քաղաքների մասնավոր հավաքածուներում։