100-ամյա հոբելյանը նշանակալի է նաև երկրի մամուլի պատմության համար. Տիգրան Խաչատրյանը շնորհավորել է «Արմենպրես»-ին


ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը շնորհավորական ուղերձ է հղել «Արմենպրես» պետական լրատվական գործակալության 100-ամյակի առթիվ: Շնորհավորանքում, մասնավորապես ասված է.

«Շնորհավորում եմ Ձեզ,«Արմենպրես»-ի բոլոր ներկա և նախկին աշխատակիցներին Հայաստանի առաջին պետական լրատվական գործակալության հիմնադրման 100-ամյակի առթիվ։ Այս հոբելյանը նշանակալի իրադարձություն է ոչ միայն գործակալության, այլև մեր երկրի մամուլի պատմության համար։ Գործակալությունը մի ամբողջ դար լուսաբանել է Հայաստանի երեք հանրապետությունների կյանքը՝մեր ժողովրդին և աշխարհին ներկայացնելով մեր երկրի փոքր ու մեծ գործերը, ցավը և ուրախությունը, դժվարությունները, փորձությունները, խնդիրներն ու նաև հաղթանակները՝ միշտ պահպանելով լրագրության բարձր որակը։ Ուրախ եմ, որ «Արմենպրեսը» վաղուց արդեն իր առաջատար դիրքերն ամրապնդել է ոչ միայն հայաստանյան լրատվական դաշտում, այլև ներկայանում է որպես տարածաշրջանային և միջազգային վստահելի և որակյալ լրատվամիջոց։ Սիրով միանում եմ ձեր ընթերցողների և գործընկերների շնորհավորանքներին։

Նախարարի պաշտոնակատարն «Արմենպրես»-ին և «արմենպրեսականներին» մաղթել է նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։  «Վստահ եմ, որ մերօրյա երիտասարդ և ավյունով լի «Արմենպրես»-ը արժանավայել կշարունակի իր արդեն դարավոր ուղին՝ ներկայացնելով մեր պետության առաջընթացը և լրացնելով մեր երկրի պատմության լուսավոր էջերը»,- նշել է Խաչատրյանը:

«Արմենպրես»-ը հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին, երբ Հայաստանի առաջին հանրապետության Ազգային Խորհրդի որոշմամբ ստեղծվեց նախադեպը չունեցող պետական լրատվական` Հայկական հեռագրական գործակալությունը: Ներկայում «Արմենպրես» լրատվական գործակալությունը գործում է որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի բաժնետոմսերը տնօրինում է Հայաստանի Հանրապետությունը: Գործակալությունն ամենահինն է Հայաստանում: Ներկա դրությամբ՝ այն թողարկում է մի շարք լրատվական ժապավեններ` պաշտոնական, քաղաքական, տնտեսական, հասարակական, մարզային, տարածաշրջանային, միջազգային, մշակութային, մարզական, հարցազրույցներ, ֆոտո նորություններ:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am