Հայտնաբերվել Է Արեգակնային համակարգի ամենահեռավոր օբյեկտը

Armenpress 14:42, 18 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ ամերիկացի աստղագետներ նոր գաճաճ մոլորակ են հայտնաբերել Արեգակնային համակարգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Phys.org-ը:

Այսօրվա դրությամբ այն մեր համակարգի ամենահեռավոր օբյեկտն Է: Գիտնականները, որոնք հայտնաբերել են 2018 VG18 գաճաճ մոլորակը, նրան տվել են «Farout» (անգլերեն՝ «հեռու») անվանումը: Մոլորակը գտնվում Է Արեգակից մոտավորապես 120 աստղաբաշխական միավոր հեռավորության վրա, ինչը կազմում Է շուրջ 18 մլրդ կիլոմետր: Գիտնականների գնահատումների համաձայն, նրա տրամագիծը շուրջ 500 կիլոմետր Է: Ավելի վաղ «ռեկորդագիր» Էր համարվում V774104 անդրնեպտունային օբյեկտը, որը հայտնաբերման պահին Արեգակից գտնվում Էր մոտավորապես 103 աստղաբաշխական միավոր հեռավորության վրա: Համեմատության համար նշենք, որ Պլուտոնը գտնվում Է Արեգակից 34 աստղաբաշխական միավոր հեռավորության վրա: Աստղագետները 2018 VG18-ը հայտնաբերել են՝ փորձելով հանելուկային «իքս մոլորակը» գտնել Արեգակնային համակարգի ծայրամասերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am