Ոստիկանները հայտնաբերել են 23-ամյա երիտասարդին առևանգողներին. նրանք ձերբակալված են

Armenpress 12:56, 17 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 15-ին, ժամը 17.00-ին, Երևանի 23-ամյա մի բնակիչ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 12-ին Ադոնցի 15 հասցեի մոտից, բռնություն գործադրելով, իր կամքին հակառակ «Մերսեդես»-ով իրեն առևանգել և տեղափոխել են Քանաքեռ ՀԷԿ-ում գտնվող մի առանձնատուն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքացին տեղեկացրել է, որ մի քանի հոգի ձեռքերով ու ոտքերով հարվածել են իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Ոմն Գոռը՝ ատրճանակով, իսկ Կարեն՝ դանակով, սպանության սպառնալիքներ են հնչեցրել։ Կարենը կոտրել է նաև իր բջջային հեռախոսը: 

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզույզները պարզել են, որ երիտասարդին առևանգել են 39-ամյա Սարգիս Մ.-ն, 35-ամյա Գոռ Հ.-ն, 28-ամյա Արմեն Մ.-ն և 38-ամյա Կարեն Ջ.-ն։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառմամբ, դեկտեմբերի 16-ին նրանք հայտնաբերվել և բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին։ 

Դեպքի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելու հատկանիշներով։ 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Սարգիս Մ.-ն, Գոռ Հ.-ն, Արմեն Մ.-ն, Կարեն Ջ.-ն ձերբակալվել են։Կատարվում է քննություն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am